«Ո՞ւմ մոտ ես պարապում, ինչքա՞ն
ես հավաքում թեստ գրելուց, քանի՞ ժամ եք պարապում, դասախոսդ ի՞նչ է ասում, անվճարի
շանսեր ունե՞ս»։
Այս հարցերի շարանը կարելի է անվերջ
շարունակել, անընդհատ հնչող ու արդեն հոգնեցնող հարցեր, որոնք հանգիստ չէին տալիս ինձ
ու հասակակիցներիս վերջին ամիսների ընթացքում։ Գրեթե բոլորը շտեմարանները «գրկած» վազում
էին պարապմունքի ու աշխատում հնարավորինս անգիր անել դրանցում զետեղված ամեն կետն ու
ստորակետը՝ անկախ ամեն ինչից, թե դա իրենց իրականում պետք է, թե՝ ոչ ու շունչները պահած՝
սպասում քննություններին։ Եկան, գնացին, անցան, վերջացան այդ «հույժ կարևոր», միևնույն
ժամանակ ոչ այդքան կարևոր իրադարձությունները։ Հետո սկսվեց հարցերի ու քննարկման մյուս
փուլը․ «Ամբողջն անծանոթ էր, իմը նույնն
էր, հը՞, ո՞նց ես գրել, ինչքա՞ն հավաքեցիր, ես ավելին էի սպասում, իսկ ես գոհ եմ»։
Գիտեք, ես էլ հանձնեցի, ես էլ անցա
այն ամենի միջով, ինչպես ընկերներս, հասակակիցներս ու ընթացքում, ամեն օր, անընդհատ
վերլուծում էի ինքս ինձ համար, թե ինչ է այս ամենը, և ինչի համար է ընթանում մղվող
«կռիվը»․ «Ես քսանի եմ, ինքն արժանի է, ես ավելին եմ աշխատել, բողոքարկելու
եմ․․․»։
Անկախ ամեն ինչից, թե որն է գիտելիքի ստուգման իրական մեթոդը,
ինչ են իրենցից ներկայացնում շտեմարանները, թե ինչքան ոչ պետքական ու անիմաստ հարցեր
կան այնտեղ, ինչ կարգով է կազմակերպվում պետական բուհերի ընդունելությունը, և արդյոք
հարկավո՞ր են այս քննությունները, և ո՞րն է դրանց արժեքը, այս հարցերի շուրջ էլ կարելի
է երկար զրուցել, բայց այս անգամ ուզում եմ պատմել իմ պատմությունը։