пятница, 17 мая 2019 г.

«Ցնծության» իմ անձրևանոցը


«Իսկ դուք արդեն ձեր Վերջին զանգի սցենարը գրե՞լ եք, թե՞ պատվիրելու եք»։
Մի քանի օր առաջ շրջանավարտ ծանոթներիցս մեկն ինձ նման հարց տվեց, մի պահ լռեցի, որ մտքերս հավաքեմ ու կարողանամ նրան պատմել, թե ինչպես ենք մենք նշում այն կրթահամալիրում, և երբ ես ասացի՝ մերը «Վերջին զանգ» չէ, մերը «Ցնծություն» է, ինքն էլ մի պահ լռեց։ Մտածում էր՝ կատակ եմ անում, մտածում էր՝ ինչպես արձագանքի, որ ինձ թվա՝ ասածս հասկացել է։ ))

Սկսեցի ներկայացնել (իրականում ինչքան էլ պատկերավոր ներկայացնես, մեկ է՝ դիմացինդ չի ընկալում այնպես, ինչպես դու գիտես, ինքն ուրիշ ձև է պատկերացում, բայց կարծես ինձ հաջողվեց շարժել հետաքրքրությունը։ Ուրեմն ոգևորությամբ եմ պատմել։ )
 Այդ նույն ոգևորությամբ էլ ուզում եմ գրել կատարածս փոքրիկ աշխատանքի մասին, թե ինչպես սկսեցի կիսաշրջազգեստիցս ու հասա տոնական բրոշին։ Հենց բրոշի մասին էլ ուզում էի խոսել, այդ հարցին էլ եմ հանդիպել:
-Իսկ ձեր զանգերը փայտի՞ց են լինելու, թե՞ էլի ուրիշ մի բան։
- Ըհը, ուրիշ մի բան, ով ինչ ուզի, իմն անձրևանոց է։ )
Մեկը մյուսի հետ համադրելը, նորը ստեղծելը, քանդելն ու նորից հավաքելը, հետո փոշմանելն և ուրիշն ընտրելը սրտանց աշխատանքի կարևոր պայմաններն են։ Ամենադժվարն ինձ համար պատկերի ընտրությունն էր, ուզում էի տարբերվող ու կրեատիվ մի բան ընտրել, բայց իսկական ԿՐԵԱՏԻՎ, ոչ թե «կրեածիվ»։ ))  Չգիտեմ՝ ինչքանով է հաջողվել, բայց ինձ դուր է գալիս։ Պատկերից հետո շատ կարևոր էր գույների ճիշտ դասավորվածությունն ու համադրությունը հագուստի գույների հետ։ Սկզբում սկսեցի միայն սպիտակ և վարդագույն գույներով, հետո հասկացա, որ ուրիշ մի գույն էլ է հարկավոր այն ավելի նկատելի ու վառ դարձնելու համար, ու մի քիչ կապույտ-մանուշակագույն ավելացրի։ Առհասարակ, ցանկացած աշխատանքի մեջ կարևորը մաքսիմալ տրամադրվածությունն ու սրտանց անելն է։ Եթե այս նախապայմանները կան, ապա կստանաք այն, ինչ ուզում էիք։ Իսկ եթե ընթացքում ինչ-որ տեղ ձեզ բացահայտող նոր կետեր եք նկատում, ուրեմն այն արդյունավետ է։

Հ․Գ․ Ուզում եմ մինչ «Ցտեսություն ցնծությանն» այն կրելը կիսվել իմ փոքրիկ աշխատանքով։ Ափսոս ընթացքից կադրեր չունեմ։

Комментариев нет:

Отправить комментарий