среда, 8 ноября 2017 г.

Վերածննդի դարաշրջան: Ռաֆայել Սանտի

Վերածնունդ կամ Ռենեսանս, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Վերածննդի կերպարվեստ

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։

 Ռաֆայել Սանտի՝ Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ և ճարտարապետ

                                       Փոքրիկ անդրադարձ նրա կյանքի մասին.
Ռաֆայել Սանտին ծնվել է 1483 թվականի մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ ՈւրբինոԻտալիա։ Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները։
1500 թվականին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը։ Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելը ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»։ 1504 թվականին մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն։ Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները։
Վատիկանի պալատում աշխատելու համար Ռաֆայելը 1508
թվականին, Բրամանտեի միջոցով Հուլիոս 2-րդ պապից Հռոմ տեղափոխվելու հրավեր է ստացել։ Հռոմում արվեստագետը անմիջականորեն ծանոթացել է անտիկ շրջանի հուշարձաններին, մասնակցել պեղումների։ Այստեղ Ռաֆայելը ստեղծել է իր ամենանշանավոր գործերը՝ Վատիկանի պալատի հանդիսավոր դահլիճների, այսպես կոչված «կայարան»-ների որմնանկարները։ Այդ որմնանկարների բովանդակությունը ավելի տարօրինակ է, քան դրանց պաշտոնական ծրագիրը (կաթոլիկ եկեղեցու և Հռոմի պապի փառաբանումը)։ Դրանցում գովերգվում է մարդու ազատության ու երկրային երջանկության իդեալը, նրա հոգևոր և ֆիզիկական ուժերի բազմակողմանի զարգացումը։ Պալատի լավագույն գործերից է «Աթենքի դպրոցը» (1510–11 թթ.) որմնանկարը, որտեղ պատկերված են անտիկ խոշոր փիլիսոփաներն ու գիտնականները՝ ՊլատոնըԱրիստոտելըՍոկրատեսըՊյութագորասըԷվկլիդեսն ու Հերակլիտեսը։ Ուշագրավ է, որ Պլատոնի կերպարում հեղինակը պատկերել է Լեոնարդո դա Վինչիին, իսկ մտախոհ ու մռայլ Հերակլիտեսը նման է Միքելանջելոյին. որմնանկարի գրեթե եզրին նկարիչը պատկերել է իրեն։ Ռաֆայելը մահացել է 1520 թվականի ապրիլի 6-ին` Հռոմում,  37 տարեկանհասակում և թաղվել է Հռոմի պանթեոնում։
 Սանտիական արվեստ
Բացառիկ նշանակություն է ունեցել Ռաֆայել-ճարտարապետի գործունեությունը որպես Բրամանտեի և Պալլադոյի ստեղծագործությունները կապող օղակ։ Բրամանտեյի մահից հետո Ռաֆայելը դարձել է Ս. Պետրոս տաճարի գլխավոր ճարտարապետը։ Չնայած Ռաֆայելը իր աշակերտների մեջ արժանի հետևորդներ չի ունեցել, բայց և այնպես նրա արվեստը երկար ժամանակ անառարկելի հեղինակություն է վայելել։ Նրա ժառանգության վրա հենվել են նաև ակադեմիզմի պաշտպանները՝ Ռաֆայելի աշխատանքներում տեսնելով իդեալականացնող արվեստի բարձրագույն օրինակ։ Այդ պատճառով էլ ակադեմիզի հակառակորդները հաճախ հանդես են եկել Ռաֆայելի դեմ՝ թերագնահատելով նրա ստեղծագործության ճշմարիտ, խորապես ռեալիստական հիմունքները։
Ռաֆայել Սանտիի գործերից են՝ «Տիրամայրը կանաչների մեջ» (գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա), «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ», «Հիասքանչ այգեգործուհին» (1507. ԼուվրՓարիզ), «Ասպետի երազը» (Ազգային պատկերասրահԼոնդոն), «Մադոննա Կոնեստաբիլե» (ԷրմիտաժՍանկտ Պետերբուրգ), «Հուլիոս 2-րդ» (մոտ 1511. Ուֆֆիցի պատկերասրահՖլորենցիա), «Մարիամի նշանադրությունը» (1504. Բրերա պատկերասրահՄիլան) և էլի շատ ու շատ գործեր։ Կառուցել է նաև շրջանաձև հատակագծով Սանտ Էլիջո դելյի Օրեֆիչի եկեղեցին (1509) և Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Կիջի կապելլան (1512– 1520)։
«Սիքստինյան Տիրամայր»
Լինելով գնոստիցիզմի հետևորդ (I-II դարերի կրոնափիլիսոփայական ուղղություն), որը
հիմնված էր Հին Կտակարանի, արևելյան դիցաբանության և որոշ վաղ քրիստոնեական ուսմունքների վրա, Ռաֆայելն, ինչպես և մյուս բոլոր գնոստիկները, մյուս բոլոր մոգական թվերից հատկապես կարևորում էին վեցը (ըստ իրենց ուսմունքի` հենց վեցերորդ օրն է Աստված ստեղծել Հիսուսին) և Sixtus թարգմանվում է որպես «վեցերորդ»: Նկարիչը որոշել է խաղարկել այս համընկնումը, հետևաբար, ըստ իտալացի արվեստաբան Մաթթեո Ֆիցցիի` նկարը կառուցվածքային առումով իր մեջ ծածկագրում է վեց թիվն, այլ կերպ ասած` այն ամբողջացնում են վեց կերպարներ, որոնք միասին կազմում են մի վեցանկյուն: Սանտին այս կտավի վրա աշխատել է 1512-1513 թվականներին:
1. ՄԱԴՈՆՆԱ
Որոշ հետազոտողներ կարծում են, որ Սուրբ Կույսի պատկերը Ռաֆայելը գրել է իր սիրուհի Մարգերիտա Լուտիի կերպարից: Ըստ արվեստաբան Սերգեյ Ստամայի` «Սիքստինյան Տիրամոր» աչքերում ուղղակիորեն սառել են անկեղծությունն ու դյուրահավատությունը, տաք սերն ու քնքշությունը, և այս ամենի հետ մեկտեղ` աչալրջությունն ու անհանգստությունը, զայրույթն ու սարսափը մարդկային մեղքերի հանդեպ, անվճռականություն, բայց միևնույն ժամանակ սխրանք կատարելու պատրաստակամությամբ:
2. ՆՈՐԱԾԻՆ ՀԻՍՈՒՍԸ
Ըստ Ստամի` «նրա ճակատն այնքան բարձր չէ, որքան երեխայինն է, և աչքերն էլ միանգամայն լուրջ են: Սակայն նրանց հայացքում մենք չենք տեսնում ո՛չ հորդոր, ո՛չ լիակատար ներում, ո՛չ հաշտեցնող սփոփանք… Նրա աչքերը սեւեռված են, լարված` վախից և տարակուսանքից»: Այնուամենայնիվ, Քրիստոսի հայացքում կարդացվում է Հայր Աստծո կամքին հետևելու վճռականությունը, մարդկության փրկության համար իրեն զոհաբերելու հաստատակամությունը:
3. ՍԻՔՍՏ II
Հռոմի պապի մասին շատ քիչ բան է հայտնի: Սուրբ գահին շատ կարճ ժամանակ է եղել` 257 թվականից մինչ 258 թվականը, և գլխատվել է Վալերիան կայսեր օրոք: Սուրբ Սիքստը իտալական Ռովերե (իտալերեն` «կաղնի») պապական դասի բարեխոսն է եղել: Այդ իսկ պատճառով նրա ոսկե պարեգոտու վրա ասեղնագործված են եղել կաղին և կաղնու տերևներ:
4. ՍԻՔՍՏԻ ՁԵՌՔԵՐԸ
Ռաֆայելը սուրբ հորը պատկերել է աջ ձեռքով գահական խաչը մատնացույց անելով (հիշեցնենք, որ «Սիքստինյան Տիրամայրը» կախված է եղել խորանի ետեւում, համապատասխանաբար, խորանի խաչի ետևում): Հետաքրքրական է, որ նկարիչը քահանայապետի ձեռքին վեց մատ է պատկերել` նկարում ծածկագրված ևս մեկ վեցյակ: Քահանայապետի ձախ ձեռքը սեղմված է կրծքին` ի նշան նվիրվածության Մարիամ Աստվածածնի:
5.ՊԱՊԻ ՏԻԱՐԱՆ` ՊՍԱԿԱԹԱԳԸ
Հանված է քահանայապետի գլխից` ի նշան Տիրամորը տածած ակնածանքի: Տիարան բաղկացած է երեք թագերից, որոնք խորհրդանշում են Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու թագավորությունը:
 6. ՍՈՒՐԲ ԲԱՐԲԱՐԱ
Եղել է Պիաչենցայի հովանավորը: Նա III դարի սուրբ է, որը հեթանոս հորից գաղտնի ընդունել է Հիսուսի հավատքը: Հայրը խոշտանգել ու գլխատել է ուրացող դստերը:
7. ԱՄՊԵՐ
Ոմանք կարծում են, որ Ռաֆայելն ամպերը նկարել է երգող հրեշտակների տեսքով: Իրականում, ըստ գնոստիկների ուսմունքի, սրանք ոչ թե հրեշտակներ են, այլ դեռ չծնված հոգիներ, ովքեր ապրում են երկնքում և փառաբանում բարձրյալին:
8. ՀՐԵՇՏԱԿՆԵՐ
Նկարի ներքևի մասում երկու հրեշտակներ անխռով նայում են հեռուն: Նրանց ակնհայտ անտարբերությունն աստվածային անխուսափելի նախախնամության ընդունման խորհրդանիշն է: Քրիստոսին նախասահմանված էր կրել իր խաչը և փոխել ճակատագիրը, նա ի զորու չէր:
9. ԲԱՑ ՎԱՐԱԳՈՒՅՐ
Խորհրդանշում է լայն բացված` ճեղքված երկինքը: Նրա կանաչ գույնը ցույց է տալիս Հայր Աստծո ողորմածությունը, ով իր որդուն ուղարկեց մարդկության փրկության համար մեռնելու:
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը «Սիքստինյան Տիրամայրը» պահվում էր
Դրեզդենի պատկերասրահում: Սակայն 1943 թվականին նացիստներն այն թաքցնում են գետնանցքում, որտեղ էլ երկար որոնումներից հետո այն հայտնաբերում են խորհրդային զինվորները: Այսպես, Ռաֆայելի ստեղծագործությունը հայտնվում է ԽՍՀՄ-ում: 1955 թվականին «Սիքստինյան Տիրամայրն» ի թիվս այլ կտավների, որոնք արտահանվել էին Գերմանիայից, վերադարձվեցին ԳԴՀ իշխանություններին և այժմ գտնվում են Դրեզդենի պատկերասրահում:

«Միաեղջյուրով կինը» (1505-1506 թթ.)
 Նկարի կոմպոզիցիան, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի ազդեցությամբ (1505-1506): Դրա վկայությունն են կերպարը շրջանակող սյուները (ժամանակակից «Մոնա Լիզայում» դրանք կտրված են), կերպարի դիրքը։
Կինը պատկերված է մինչև ծնկները, երեք քառորդով թեքված. հետևում լճի բնապատկեր է։ Նա ազնվական կնոջ հագուստով է՝ վզի բացվածքով և լայն թևքերով (գրեթե նույնպիսի հագուստով է Ռաֆայելի «Տիկին Գրավիդան»)։ Վզին ռուբինով և զմրուխտով ոսկե շղթա է՝ ծայրին տանձաձև ադամանդ: Գլխին գլխազարդ կա, որը գրեթե ծածկված է մազերով։ Հետաքրքրիր է, որ նրա մատներին չկան մատանիներ, այդ թվում՝ ամուսնական։ Դա արտասովոր է, քանի որ կանանց դիմանկարները այդ ժամանակ ստեղծվել են հարսանիքի առիթով։
Կնոջ ձեռքերում միաեղջյուր է, որը խելամտության խորհրդանիշ է։ Միջնադարյան լեգենդների համաձայն՝ միայն կույսը կարող է նրան վարժեցնել։
Կտավի գլխավոր երկու հատկություններն են «փառահեղ շքեղությունը, որին դժվար է դիմակայել, և հանելուկային բնավորությունը, որն այդպես էլ դժվար է բացահայտել»:
Տարբերակներ
1934-1936 թվականներին «Սուրբ Եկատերինան» ռեստավրացիայի է ենթարկվել, որի
արդյունքում հատատվել է արվեստագետ Ռոբերտո Լոնգիի կարծիքը այն մասին, որ կտավի հեղինակը Ռաֆայելն է։ Հեռացվել է կտավի վերին շերտը, որ ավելացվել էր 1916 թվականին։
Եզրակացությունը սա էր. միաեղջյուրից վերև նկարված են եղել սուրբ Եկատերինային բնորոշող պարագաներ՝ նահատակի շրջանակը, արմավենու ճյուղ, իսկ ուսերը ծածկված են եղել թիկնոցով: Կնոջ ձեռքերը նույնպես փոփոխությունների են ենթարկվել։
1959 թվականի ռեստավրացիան, որի ժամանակ արվեստագիտության մեջ առաջին անգամ օգտագործվել են ռենտգենյան ճառագայթներ, ցույց է տվել, որ միաեղջյուրից առաջ նրա տեղում շուն է պատկերված եղել, ինչը խորհրդանշել է ամուսնական հավատարմությունը։ Բայց քանի որ ներկաշերտը շատ է քաքայված եղել, միաեղջյուրի տեղում շան պատկերը չեն վերականգնել։
Ենթադրվել է, որ կտավը ստեղծվել է մի քանի փուլերով.
1.     Ռաֆայելը նկարել է կնոջ կերպարը մինչև գոտին, երկինքը, բնապատկերը։ Կինն այդ տարիքում ավելի տարիքով էր երևում, քան այժմ։
2.     Մի ուրիշ նկարիչ նկարել է սյուները, պատնեշը, թևերն ու թևքերը, շանը։ Հնարավոր է, որ դա արել է Ջովանի Սոլյանին՝ իտալացի գեղանկարիչ Լորենցո Կրեդիի աշակերտը:
3.     Այնուհետև՝ մի քանի տասնամյակ անց, շունը վերածվել է միաեղջյուրի։ Այդ ժամանակ էլ վերանկարվել են ձեռքերը
4.      Եվ վերջապես, շատ ավելի ուշ անհայտ կինը վերափոխվել է սուրբ Եկատերինայի։ Դա կարող է տեղի ունեցած լինել 17-րդ դարի վերջին։


Աղբյուրները՝ WikiVisually, Գալա (Gala TV)Wikipedia

1 комментарий:

  1. Սվետլանա․Blog: Վերածննդի Դարաշրջան: Ռաֆայել Սանտի >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Սվետլանա․Blog: Վերածննդի Դարաշրջան: Ռաֆայել Սանտի >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Սվետլանա․Blog: Վերածննդի Դարաշրջան: Ռաֆայել Սանտի >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ОтветитьУдалить