
Ահա և ողջ պատմությունը․
Սուրբ Ծննդյան տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ: Օրինակ` արմավենու կանաչ ճյուղերը Հին Եգիպտոսում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհրդանիշն են, ինչպես կանաչ տերևները` հին հռոմեացիների մոտ Սատուրն աստծուն նվիրված ձմեռային տոնի, ոսկե խնձորներով զարդարված կաղնու ճյուղերը` դրուիդների մոտ ձմեռային արևադարձի տոնի: Սկանդինավյան մշակույթում կա հետաքրքիր ավանդույթ` «տոնածառ թռչունների համար»: Սուրբ Ծննդյան տոնին կամ նախօրեին թռչունների համար դուրս են տանում սերմեր կամ հացի փշրանքներ: Դա նախանշան է, որ նոր տարին հաջող կլինի: Բնականաբար, մշտադալար ծառն իր կենսահաստատուն տեսքով առավել է համապատասխանում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի գաղափարին։
Եվրոպայում Սուրբ Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակների վրա: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Սուրբ Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Սուրբ Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Սուրբ Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը: Սուրբ Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները:
16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից պատրաստված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է: Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը որոշեց դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառները հայտնվեցին Ֆինլանդիայում` 1906 թվականին:
Քանի որ առաջին տոնածառները զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար, որոնք փոխարինեցին մրգերին և այլ ծանր զարդարանքներին:
Հ․Գ․ Եթե դուք Ամանորին նստում եք տոնածառի կողքին և թեյում ձեզ
շատ հարազատ մարդկանց հետ, կամ դրական էներգետիկա եք ստանում նրանցից ինչ-որ մեկին
ուղղակի պինդ գրկելով, ուրեմն դուք երջանիկ եք։ Փակեք աչքերն ու երազանք
պահեք, որ այդ երջանկությունը միշտ ձեր ներսում լինի։
Ջերմ մաղթանքներով՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Комментариев нет:
Отправить комментарий