Պետերբուրգյան ցրտաշունչ ձմեռ, մահացության՝ գրիպից ու խոլերիայից օրեցօր ավելացող դեպքեր, ուսանողական կյանք, սիրային գեղեցիկ պատմություն և, ի վերջո, այս ամենը հանգուցալուծող ողբերգական ավարտ՝ սիրած էակի կորուստ։ Ահա թե ինչպես մի քանի բառով կնկարագրեի Ռ․ Պատկանյանի «Ես նշանած էի» երկը։
Եթե ինձ հարցնեին Ռ․ Պատկանյանի գրական ուղղվածության մասին, ապա միանգամից կասեի, որ նա «միքսող» հեղինակ է։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ «միքսող»։ Վերլուծելով «Ես նշանած էի» ստեղծագործությունը՝ կարելի է տալ այդ հարցի պատասխանը։ Կլասիցիզմի վարպետները գրել են այն սկզբունքով, որ գործողությունները պիտի ծավալվեն մեկ վայրում քսանչորս ժամվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում խախտել են այդ սկզբունքը։ Պատկանյանը գրել է այնպես, որ բոլոր գործողությունները ծավալվել են մի վայրում՝ Պետերբուրգում։ Ռեալիստ գրողները գրել են այս սկզբունքով՝ «կյանքն ինչպես որ կա», և իրոք, Պատկանյանն իր այս ստեղծագործության մեջ ներկայացրել է իրական կյանքը՝ այն ժամանակվա մտածողությունը, կենցաղը, ուսանողների ապրուստը և այլն։ Ստեղծագործությունը դիտարկելով Պետերբուրգում զարգացող սիրային պատմության տեսանկյունից՝ կարելի է ասել, որ այստեղ կա նաև ռոմանտիզմ։ Կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ։ Ի վերջո, եկանք այն եզրակացության, որ «Ես նշանած էի»-ին երեք գրական ուղղությունների խառնուրդ է։
Պատմությունը մի երիտասարդ տղայի՝ Միքայելի մասին է, որն ապրում և սովորում էր Պետերբուրգում ընկերոջ՝ Հովհաննեսի հետ։ Նրանք երկուսն էլ չքավոր էին և դժվարությամբ էին հոգում իրենց ապրուստը։ Ինչպես նշվում է ստեղծագործության մեջ․ «Ես հավաստի գիտեի, որ ընկերս մինչև այժմ անհամբերությամբ սպասում կլիներ ինձ՝ հուսալով, որ նորա համար քաշելու և ուտելու բան կբերեմ հետս։ Ես գիտությամբ քաշելու ասացի և ապա ուտելու, որովհետև ուսանողք և ուսանողի պես մարդիկ փորի քաղցածությունից այնքան չեն չարչարվում, որքան ծխախոտի ծոմ պահելուց»։ Պետերբուրգի խիստ, ցրտաշունչ ձմեռ էր, և օրեցօր ավելանում էր գրիպից, խոլերիայից մահացողների թիվը։ Միքայելն արդեն սովոր էր դրան՝ ամեն օր դագաղներ, մեռելներ։ Բայց մի արտասովոր և խորհրդավոր օր՝ այդպիսի թաղումներից մեկի ժամանակ, նա կարեկից է լինում մի աղջկա, որին միանգամից սիրահարվում է։ Աղջկա անունը Մարի էր։ Նա շվեյցարուհի էր, որը մոր մահից հետո միայնակ էր մնացել, և միակ մարդը, որն աջակցում էր,՝նրան շատ սիրող Միքայելն էր։ Միքայելն էլ չքավոր մեկն էր, որն ինքն էլ չգիտեր, թե ինչպես էր օգնելու աղջկան, սակայն բախտը նրան ժպտում է, և նա իր գնած գրասեղանի մեջ մեծ քանակությամբ թանկարժեք իրեր է գտնում, իսկ կառավարությունը դրա դիմաց նրան զգալի գումար է տրամադրում։ Միքայելին կարելի էր համարել այն երջանիկ երիտասարդներից մեկը, որը գտել էր իր սերը, պատրաստվում էր ամուսնանալ, ապագայի հետ կապված գունեղ պլաններ ուներ, նա կարծես աշխարհի ամենաերջանիկն էր, ամենահաջողակը, բայց… Պսակից մեկ օր առաջ Մարին թույն է խմում և մահանում։ Պարզվում է, որ ծնողները նրան նշանել էին մեկ այլ երիտասարդի հետ, իսկ Մարին, ուխտը չդրժելով, միաժամանակ սիրելով Միքայելին, մահանում է։
Իրականում այս պատմությունն պատահականությունների, զուգադիպությունների մեծ շարան է ներկայացնում։ Մարիի թաշկինակի վրա ասեղնագործած Մ․ Վ․ տառերը, որոնք զարմացնում են Միքայելին, արդյոք դա պատահականություն էր, թե՞… Մարի Վեռդեն, Միքայել Վայելչյան։ Իսկ իրականում ի՞նչ էին նշանակում այդ տառերը, ի՞նչ խորհուրդ կար դրանց մեջ։ Ֆրանսերեն՝ Mort par vein, որը նշանակում է «մահ թույնից»։ Հովհաննեսի և Միքայելի տեսած տարօրինակ, սարսափելի երազները, որոնք ի վերջո իրականացան։ Երջանկության գագաթնակետին հասած մի երիտասարդ, որը մի վայրկյանում կորցնում է ամեն ինչ։ Եվ ո՞ւմ էր պետք այդ հարստությունը Մարիի նման գանձը կորցնելուց հետո, ի՞նչ արժեք պիտի ունենար այդ ոսկին Միքայելի համար:
Ստեղծագործությունը ընթերցելուց հետո նրա սյուժետային գծերը սկսեցի նմանեցնել Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակի հետ. ընդհանրություններն ինձ համար ակնհատ էին։ Ըստ իս՝ կարելի է նաև զուգահեռներ տանել վերջերս նկարահանված, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի հետ, քանի որ սյուժետային որոշ գծեր համընկնում են։ Ֆիլմը ներկայացնում է սիրային եռանկյունի բժշկություն ուսումնասիրելու համար Կոստանդնուպոլիս մեկնած հայ դեղագործ Միքայելի, Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննայի և ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսի միջև:
Комментариев нет:
Отправить комментарий