пятница, 9 ноября 2018 г.

Ժամանակի և տարածության մեջտեղում ես եմ․ արդեն շրջանավարտ եմ


-Անցած տարի այս օրն էր, հիշո՞ւմ ես՝ ինչ առատ էր անձրևում։
-Հաա, մենք էլ այնքան ուշ տուն հասանք, ֆանտաստիկ հավես օր էր։ Մյուսը թերթի՛ր, նայենք։
-Վա՜յ, տես՝ ինչ նկար ունեմ։
-Չէէէ՜, սա լավը չէ, ջնջի՛ր, բայց այդ օրն էլ եմ հիշում։
  Գույներ, կադրեր, ծանոթ ու անծանոթ մարդկանց դեմքեր, իներցիա, եղանակ, հայացք, խոսքեր, անսպասելի ու միաժամանակ այդքան սպասված իրադարձություններ, հիշում եմ․․․ Քայլում ենք, հետո ավելի արագ ենք քայլում, հետո սկսում ենք վազել, երբեմն շնչահեղձ ենք լինում, բայց ո՞ւր ենք շտապում, այդ ո՞ւմ հետևից ենք այդպես վազում։ Երազանքների, նպատակների՝ ապագայի հետևից։ Երբեմն երազանքը դառնում է նպատակ և երբեմն էլ՝ հակառակը։ Գուցե դուք ժխտեք, բայց ես գիտեմ։ Երբեմն այնքան ենք մտորում մեր ապագայի, անելիքների մասին, որ մտքով տեղափոխվում ենք մի ուրիշ տեղ, մի ուրիշ շրջան, իսկ երբեմն կարոտում ենք։ Նորից թերթում ենք նկարները, զրուցում, կամ գուցե միայնակ մտորում ու էլի տեղափոխվում մի ուրիշ շրջան, բայց այս անգամ հին ու իրական։
-Այս շաբաթ մեզ մոտ Սեբաստացու օրեր են։
-Հա, ճիշտ է, անցած տարի այս ժամանակ էր, բայց այս տարի շրջանավարտ ենք։
  Անցած տարի՞։ Ինչքան բան է փոխվել։ Նույն դեմքերն են, նույն օրերը, նույն եղանակը, բայց ուրիշ է։ Մենք ենք փոխվել, հայացքը, տեսակը, իրավիճակը, տարին, միշտ ուրիշ է։ Կանգնում ենք, հետո սկսում շատ արագ վազել, բայց մոռանում ենք ուղղակի հանգիստ քայլել ու դրա պատճառով նորից ենք կանգնում, սպորտում էլ է այդպես։ Այնքան ենք նստում անցյալի ու ապագայի երթուղին, որ ներկան մի ակնթարթում անցնում է մետրոյի գնացքի պես։ Մետրո, տեսախցիկ, ձայներ, գույներ, ցուրտ քամի, նոյեմբերի ութն էր, հիշում եմ։ Ի՞նչ եմ գրում։ Միայն մի բառ գրիս մեջ ու նորից անցյալը։ Բայց ներկան կորցնելուց հետո, մեկ է, կուզենանք նորից հետ դառնալ, բայց ինչո՞ւ, կարոտո՞ւմ ենք, սպասո՞ւմ ենք, երևի․․․
  «Հիմա կվերջացնեմ, կպահպանեմ, կհագնվեմ ու դուրս կգամ, 18:00 պիտի այնտեղ լինեմ»։ Գիրս մոռացած նորից մտքով վազում եմ։ Բոլորս թաքցնում ենք, ասում, թե այդպես չէ, մենք ժամանակին համընթաց ենք քայլում, բայց կուզե՞ք իմանալ իրականությունը, մենք փորձում եք։ Մարդու հոգեբանությունն է, մեր ենթագիտակցությունը, մենք՝ ժամանակի և տարածության մեջտեղում։

 * * *
 Ես Սվետլանան եմ, երբ մարդիկ ինձ հետ նոր են ծանոթանում, հարցնում են անունս, և հաջորդ հարցը, որը գրեթե միշտ հնչում է՝ ոչ հայկական արյուն ունե՞ս։ Ես էլ արդեն համակերպվել եմ անվերջ հնչող այդ հարցի հետ։ Շատերն ինձ այդպես էլ նկարագրում են՝ շեկլիկ, սպիտակ, սլավոնական անունով, խելացի ու շփվող։ Հաճախ չեմ սիրում իմ մասին խոսել, թե ինչպիսին եմ իրականում՝ գիտեն միայն ինձ շատ մոտ մարդիկ, նրանք ինձ շատ լավ են ճանաչում՝ իմ բնավորության լավ ու վատ գծերով, առավելություններով ու թերություններով, բայց կա մի Սվետլանա, որն այդպես էլ փակ է մնում բոլորի համար, դա միայն իմ սահմանն է։ Ամենաշատը գնահատում եմ մարդկային հարաբերությունները և հաճախ նշում եմ, որ հարաբերություններում առատաձեռն եմ։ Առատաձեռն բառի տակ բոլորի մտքին գալիս է նյութականը, բայց ոչ։ Առատաձեռն ուշադրություն, հոգատարություն ընկերների նկատմամբ։
  Կրթահամալիր տեղափոխվելու մասին երկար էի մտածում, բայց կյանքումս փոքր-ինչ խառնաշփոթ շրջան էր և ես շատ արագ որոշում կայացրեցի, իսկ կրթահամալիրը գրկաբաց ընդունեց ինձ, արագ ընտելացա ու դարձա նրա մի մասնիկը։ Հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցի կրթահամալիր և առաջին բանը, որ տեսա՝ Մարմարյա սրահն էր :)
Իրականում ժամանակի առումով այնքան քիչ եմ սովորել կրթահամալիրում, երկրորդ տարին է, բայց արդեն շրջանավարտ եմ։ Միևնույն ժամանակ այդ փոքրիկ շրջանում այնքան բան եմ արել, որ բոլորի մասին պատմելն անհնար է։
  Իմ առաջին ճամփորդությունը, երբ հաղթահարեցի Արագածի հարավային գագաթը։ Սեպտեմբերի վերջին շաբաթն էր, երբ իրականացնում էինք «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծը։ Ընթացքում ծանոթացա նկարչի կյանքին, աշխատանքներին, ինձ համար հետաքրքիր բացահայտումներ արեցի։
 Առաջին անգամ հանդիպում Գեղարվեստի հարթակում՝ Civilnet կայքի գլխավոր խմբագրի հետ, որից հետո հանդիպումներն ու դրանց լուսաբանումն ինձ համար դարձան սովորական ու հաճելի երևույթ։
  Այս կարճ ժամանակահատվածում սովորեցի նոր լեզու ու նախագծերի միջոցով փորձեցի այն գործնականորեն օգտագործել։ Ուրախ եմ, որ կրթահամալիրում յուրաքանչյուր սեբաստացի ունի ընտրության մեծ հնարավորություն՝ թե՛ լեզուների, թե՛ խմբակների (թատրոն, լուսանկարչություն, գունանկար-գծանկար, դիմահարդարում․․․), թե՛ սեփական մտքերն ու նախագծերը ներկայացնելու հարցում, պետք է պարզապես խելացի մոտեցում ցույց տալ և ճիշտ ու արդյունավետ օգտագործել ժամանակը։
  Տպավորիչ էր անգլերենի դասերի ընթացքում e-Twinning-ի նախագծերից մեկի իրականացնելը, հայ-նորվեգական նախագծի շրջանակներում նորվեգական հեքիաթի բեմադրության շուրջ աշխատելը, ինչպես նաև նորվեգացիների կողմից հայկական հեքիաթի բեմականացումը՝ իրենց ընկալմամբ։ Երկար աշխատեցինք, տեսանկարահանեցինք, հետո նորվեգացիների հետ փոխանակվեցինք մեր հոլովակներով։ Որոշել էինք դպրոցում էլ խաղալ ներկայացումը, արդյունքում այնքան զավեշտալի բան եղավ, հետո անպայման կպատմեմ :)
  Կրթահամալիրում ունենք նախագծային ուսուցման շաբաթներ։ Այս առիթն էլ ձեռքներիցս բաց չթողեցինք։ Ե՛վ աշնանը, և՛ գարնանը ընկերներիս հետ իրականացրեցինք մեր հեղինակային նախագիծը, որն անվանել էինք «Մեր քաղաքի շունչը»։ Ծավալուն աշխատանք է, մեկ տարի է անցել, սակայն դեռ չենք ավարտել։ Հուսամ՝ անպայման ժամանակ կհատկացնենք և մինչ «Ցտեսություն ցնծություն» այն պատրաստ կլինի։
  Եթե շարունակեմ գրել, կգրեմ տասնյակ էջերով, որովհետև քիչ ժամանակահատվածում շատ բան ունեմ հիշելու, բայց կանգնել պետք չէ։ Վերջին տարին է, և մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ մուտք ենք գործում ավելի հասուն և պատասխանատու շրջան, ուրեմն պատրաստ ենք դրան, ունենք երազանքներ, նպատակներ, երբեմն շատ ենք մտածում դրանց մասին, բայց պետք չէ վազել։ Պետք է քայլել, հանգիստ քայլել ժամանակին համընթաց, քանի դեռ սեբաստացի ենք, արդյունավետ օգտագործենք մեր վերջին ամիսները կրթահամալիրում։
  Կկարոտեմ քեզ, իմ՝ արդեն այդքան հարազատ դարձած կրթահամալիր։ Կկարոտեմ Մարմարյա սրահից միշտ հնչող երաժշտության ձայները, տաքուկ ու գունավոր գրադարանը, դասավանդողներին՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ տեսակով, միջանցքներում քայլող կամ դասից ուշացած վազող դասընկերներիս բարևները, երկար դասամիջոցների զբոսանքները, հետաքրքիր ու զավեշտալի դեպքերը։
  Գնում եմ՝ ինձ հետ տանելով այն սերն ու ջերմությունը, որն ինձ տվեցիր, այս պայծառ ու սիրուն շրջանի հիշողությունները, որոնք կուղեկցեն ինձ կյանքիս մյուս փուլերում։
 
 

 
 
 
   


Комментариев нет:

Отправить комментарий