Հրանտ Մաթևոսյանի այս փոքրիկ վիպակը
նույնիսկ ոչ թե մեկ օրվա, այլ մի քանի
ժամվա պատմություն է, սակայն պատմում է մի ընտանիքի
գրեթե ամբողջ կյանքի մասին։ Վիպակում նկարագրվում է այդ ժամանակների գյուղի
կյանքն ու ապրուստը, սովորույթներն ու հոգեբանությունը՝ առաջ քաշելով գյուղ-քաղաք հակադրությունը։ Ընտանիքի մայրը՝ Աղունը, մեծ դժվարությունների
ու զրկանքների միջոցով է հասել այն ամենին, ինչ ունի՝ տունը, ապրուստը, ընտանիքը, սակայն
տեսակով և բնավորությամբ շատ բարդ կին է։ Ամուսնուն անվանում է անխելք, միամիտ՝ պնդելով,
որ մարդ մի քիչ պիտի խորամանկ լինի, որ կարողանա որևէ բանի հասնել։ Նա անընդհատ դժգոհում
է, փնթփնթում, բոլորի մեջ միայն վատն է տեսնում և իրեն դժբախտ է համարում։ Այնինչ շրջապատի
մարդիկ, հարևաններն ասում են, որ նա ամեն ինչ շատ է բարդացնում, պետք է յուրաքանչյուր
օրն ու վայրկյանը վայելել։
Մեծ որդին հարսի հետ ապրում է քաղաքում,
և Աղունը պատրաստվում է քաղաք գնալ՝ որդուն տեսնելու՝ իր հետ տանելով իր աշխատած ու
ստեղծած բարիքները։ Գնալուց առաջ փոքրիկ զրույց է ունենում հարևանուհու հետ, որն անխելք
է համարում նրան՝ պնդելով, որ որդուն կյանք ու առողջություն է տվել և հիմա ոչինչ պարտավոր
չէ անել, չէ՞ որ որդին արդեն իր առանձին կյանքն ունի։
Այս կինը ներդաշնակ չէ իր հոգու
և մտքերի հետ, անընդհատ բողոքում է՝ անկախ ամեն ինչից, մեղադրում բոլորին՝ կարծելով,
թե ինքը միշտ ճիշտ է, չի գնահատում այն, ինչ ունի և չի ապրում ներկայով, մտքում միշտ
անցյալի ժապավենն է պտտվում։ Ու չգիտես թե ինչու՝ անընդատ շտապում է ու շտապում՝ չիմանալով,
թե ուր է գնում և ինչ է անում։
Комментариев нет:
Отправить комментарий