четверг, 26 апреля 2018 г.

Դեպի նոր ու սպասված սկիզբ


Երբ շարժումը դեռ նոր էր սկսվում, համոզված եմ, որ շատերը թերհավատորեն էին մոտենում այս ամենին, որովհետև բողոքի ցույցեր և ակցիաներ էլի էին եղել` տարբեր բնագավառներում, տարբեր նպատակներով։ Չեմ ասի, որ դրանք մեզ ոչինչ չեն տվել կամ անիմաստ էին. ոչ, ամեն բան իր հետևանքն է ունենում։ Իրականում շատերը մտածում էին, որ մարդկանց մի ահռելի զանգված սովորականի պես կնստի տանը փափուկ բազկաթոռին ու կհետևի այս ամենին` ակտիվություն ցուցաբերելով սոցիալական կայքերում։ Բայց, ի զարմանս ինձ և շատ այլ քաղաքացիների, սա հզոր շարժում էր։ Իսկ գիտե՞ք ինչու. որովհետև համախմբված էինք գործում, որովհետև մեկս մյուսին անմնացորդ աջակցում էինք։
Անկոտրում պայքարից հետո ապրիլի 23-ին մենք ունեցանք մեր առաջին հաղթանակը։ Սեր, սեր ու էլի լիքը սեր կար այդ օրը մեր քաղաքում, այնքան սեր, որ երբեք չէի տեսել... Աչքերս չորս արած նայում էի մարդկանց` բարի, կամեցող, երջանիկ, ազատ ու անկախ մարդկանց, ու չգիտեի ինչ անեի` ուրախանայի, թե քարացած ֆիքսեի այդ հրաշքը։ Բոլորի աչքերում լույս կար ու լիքը հույս, որ երբեք չէի տեսել ու երբեք չեմ մոռանա։ Այդ օրվա թնդացող քաղաքը ու նման բան միայն ֆիլմերում ու հին կադրերում էի տեսել։ Էլ չգիտեի, թե հպարտությունս ոնց խեղդեի, երբ տեսնում էի, թե ինչ էր կատարվում ու հիշում, թե ինչքան եմ պայքարել վերջին մեկ շաբաթվա ընթացքում։
Այդ օրը դեռ շատ ենք հիշելու, բայց եթե գիտեինք՝ ինչի համար էինք պայքարում, շատ տրամաբանական էր, որ սա դեռ առաջին քայլն էր դեպի հաղթանակ։ Մենք չենք պայքարել մի անձի հեռացման համար, ուրեմն ինչու պիտի հեշտ ու հանգիստ անցնեինք առօրյային ու հիշեինք միայն լավ վայրկյանները։ Սա պայքար է ընդհանուր համակարգի դեմ, մենք իշխանափոխություն ենք ուզում և այդ իսկ պատճառով մեր երթը անցնում է հաջորդ` վերջին ու նպատակային փուլ։
Չգիտեմ իմ շրջապատում որևէ մեկին, ով չի պայքարել ու չի պայքարում։ Ես ընտանիքիս հետ եմ դուրս գալիս փողոց, գնում հրապարակ, հետո միանում են ընկերներս ու այդպես ամեն օր։ Բացի նրանից, որ պայքարում եմ որպես ազատ, մտածող, կշռադատող քաղաքացի, նաև կրթվում եմ` որպես այդպիսին։ Այնքան բան եմ տեսել ու տեսնում, որոնք ինձ հրճվանք են պատճառում։ Հայը հային սիրում է, օգնում, աջակից է լինում, համբերատար է ու ներողամիտ։ Իսկ եթե մի քիչ հումոր մտցնեմ գրվածքիս մեջ ու սկսեմ պատմել այդ տեսանկյունից, շատ զավեշտային դեպքեր կարձանագրեմ։ Այն, որ փողոցները փակ են, ու երեկոյան հրապարակ հասնելու համար ամեն օր օգտվում եմ Երևանի Մետրոպոլիտենից. ես երբեք այնտեղ այդքան շատ մարդ չէի տեսել, ասեմ ավելին՝ ներս մտնելու ու ժետոն գնելու համար հերթ չէի կանգնել։ Հրապարակի ամբոխում հայտնի ցայտաղբյուրի տեղն էինք կորցրել, երբ մեկի ինքնազգացողությունը վատանում է, ետևի շարքերից սկսում ենք բղավել «սկոռի-սկոռի»` ձայնը փոխանցելով բեմահարթակ, որտեղից էլ հայտարարում էին, որ շտապ օգնություն է պետք... իսկական համախմբվածություն է։ Հաղթանակի օրը յուրաքանչյուր պայքարողիս երջանկությանը չափ ու սահման չկար, որովհետև գործել էինք, ու կար հաղթանակ։
Սա վերջին քայլն է, վերջին ճանապարհը, որով կկերտենք մեր ազատ, լուսավոր ու բարեկեցիկ կյանքը մեր սիրուն երկրում։ Ուրեմն եկե՛ք, եկեք միասին գործենք ու ավարտին հասցնենք այս շարժումը, և ամենակարևորը, որ նշել եմ առաջին իսկ օրվանից. երբե՛ք, լսո՞ւմ եք, երբեք մի տրվեք սադրանքներին, իմ երկրի արժանապատիվ քաղաքացիներ։ Մի՛ նահանջեք, թույլ մի տվեք, որ մեր հաղթանակը մեզնից խլեն, ի վերջո՝ սա մի նոր ու սպասված սկիզբ է:
Ստորև ձեզ եմ ներկայացնում կադրեր, որոնք հասցրել եմ ֆիքսել այս օրերի ընթացքում։





Комментариев нет:

Отправить комментарий