пятница, 22 декабря 2017 г.

Մոնղոլական արշավանքները․ Չինգիզ խան

Նախաբան

«Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, չանես՝ կկործանվես»: Մեծն հրամանատար Չինգիզ խանը միշտ էլ բոլոր գործերն ավարտին էր հասցնում: Եթե կան ծրագրեր ու երազանքներ, ուրեմն դրանք պետք է իրականացնել: Չի կարելի միշտ վախենալ ու ապահովագրել ինքներս մեզ: Մենք չափից շատ ժամանակ ենք վատնում մտորումների ու կասկածների վրա: Երբ գալիս է գործելու ժամանակը՝ պետք է նմանվել անվախ քոչվորներին: Համարձակորեն առաջ շարժվել՝ երակներում մոլեգնող կատաղությամբ: Երբեք ոչնչից ու ոչ մեկից մի վախեցեք:
«Ճամփորդություններում ոչինչ այդքան կարևոր չեն, որքան նոր մարդկանց ճանաչելն ու նոր վայրեր տեսնելը»: Չինգիզ խանը սրով է անցել հարեւան հողերով ու բազմաթիվ ժողովուրդների նվաճել: Բայց նրան միշտ գրավել են այլ երկրներ ու մարդիկ: Կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը ճամփորդություններն են: Դրանք ընդլայնում են մտահորիզոնը ու կյանքի ընկալումը: Սովորեցնում ամեն ինչ այլ կերպ ընկալել: Անծանոթ երկրներ, քաղաքներ, մշակույթ, ավանդույթներ, մարդիկ: Ժամանակը չափվում է հաջողություններով, իրադարձություններով ու ճամփորդություններով:
«Ավելի լավ է վերջինը լինել գայլերի մեջ, քան առաջինը բորենիների»:
«Խաղաղ բնակչության մեջ եղեք հնազանդ՝ փոքրիկ հորթուկի նման, իսկ պատերազմի ժամանակ մարտի նետվեք՝ քաղցած բազեի նման, որը հարձակվում է իր որսի վրա»:
«Ցանկացած տեղում կարող ես կրկնել ցանկացած խոսք, որին կհամաձայնեին երեք իմաստուններ, հակառակ դեպքում դրան ապավինել չի կարելի»:
«Նայելով ձիերի ու մարդկանց դեմքերին, այն կենդանի հոսքին, որն իմ կամքով է ոտքի ելել ու անեզր տափաստաններով սլանում է դեպի անծանոթ երկրեր՝ ես հաճախ մտածում եմ՝ իսկ ե՛ս այդ հոսքում որտեղ եմ»:
Այս թևավոր խոսքերն ու արտահայտությունները կարելի է անվերջ շարունակել: Չինգիզ խան անունը հարյուրամյակներ ի վեր շատերի հիացմունքին է արժանացել, շատերի՝ ատելությանն ու սարսափին, քանզի նվաճված ժողովուրդների համար նա իր արյունարբու կեցվածքով ու դաժանությամբ միայն ատելություն ու սարսափ էր տարածում: Չնայած նրան, որ նա հրի ու սրի է ենթարկել բոլոր հարեւան տերությունների հողերը, չի կարելի ժխտել նրա անբեկանելի կամքը, կազմակերպչական ունակությունները, ինքնատիրապետումն ու նպատակասլացությունը:

«Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք

Ընդամենը մի քանի տասնամյակում Չինգիզ խանի կայսրությունը տիրացավ Եվրասիայի մեծ մասին: Բազմաթիվ քաղաքակիրթ ազգեր հայտնվեցին երեկվա կիսավայրենիների ու քոչվորների ձիերի սմբակների տակ: Հավանաբար, երբեք էլ լիարժեքորեն չի բացահայտվի «Չինգիզ խան» երևույթը, որովհետև նրա ու նրա զինակիցների մասին արժանահավատ տեղեկատվությունը անճանաչելիության աստիճան աղավաղվել է: Այն մեթոդները, որոնց գործադրմամբ նա աշխարհակալ է դարձել, այն աստիճան արդյունավետ են, որ դրանք չարժե ի ցույց դնել: «Մոնղոլական նախագծի» մասին հիշողությունն այնքան խնամքով են ջնջել, որ այսօր կորսված է նույնիսկ «Մեծ Յասա» -ի՝ մոնղոլների հիմնական օրենքի ամբողջական տեքստը: Այն բերանացի անելու համար նախատեսված կարճ փաստաթուղթ է եղել՝ մատչելի նույնիսկ անգրագետ հովիվներին: Այն կոչված է եղել «բոլորի համար մեծագույն արդարություն ապահովել»: Մոնղոլական բանակում ոչ մեկը ռոճիկ չի ստացել, Չինգիզ խանի զինվորները արդարության գաղափարի համար են կռվել: Բոլոր ժամանակների ցանկացած արիստոկրատի, ցանկացած փողատերի, ցանկացած պաշտոնյայի համար այդ գաղափարը գարշելի է եղել:
1.Օրենսգիրքը սկզբնապես այնպես է ձևակերպվել, որ յուրաքանչյուր նախադասություն մեկ շնչով արտասանվի:
2.Սկզբնական տեքստի ցանկացած նախադասություն թույլ չի տվել երկակի մեկնաբանության:
3.Եթե «Յասա»-ի հայտնի նախադասությունը այլ կերպ է գրառվել, այն պետք է վերաձևակերպվի, դարձվի կարճ ու ճշգրիտ:
«Մեծ Յասա»-ի ցանկացած պահանջի կատարումը դրվել է յուրաքանչյուր անձի վրա:
Հնարավոր չի եղել «պատասխանատվությունը պետության վրա բարդել»: Մոնղոլական իրավակարգը հենվել է «մարդկանց հավասար պատասխանատվության վրա»: Հիերարխիա եղել է միայն մարտի դաշտում: Ոչ մեկը մյուսին դատարան քարշ չի տվել, մեղքի չափը չի ապացուցել, փաստաբաններ չի վարձել: Վկաներն ու մերկացնողները հանցագործներին սպանել են տեղում՝ հանուն Մեծ Կապույտ Երկնքի: Դրա իրավունքն ունեցել է յուրաքանչյուր մարդ:
Ժամանակակիցներիս համար դա գարշելի է, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե նրանք բոլորին սպանել են: Բայց Չինգիզ խանի զինվորներն անկեղծորեն այն համոզմանն են եղել, որ մարդիկ պետք է իրենց խոսքերի ու գործերի համար անձամբ ու լիովին, առանց այլևայլության պատասխանատու լինեն: Ահա թե ինչու, երբ պաշարված քաղաքի տիրակալը, հույսը դնելով պարիսպների ամրության վրա, գլխատել է մոնղոլական դեսպաններին, մոնղոլները գրավել են այդ քաղաքն ու բոլորին կոտորել:
Այդ վայրենիներին մի՞թե հնարավոր է բացատրել, որ մեղավորը միայն հրաման տվողն է, որ հրամանը կատարող բոլոր անձինք անմեղ են, որ իրենց իշխանավորների սանձարձակությունները տեսած ու լուռ մնացած բոլոր մարդիկ ամենևին մեղք չունեն, որ դասային հասարակությունում հանցագործությունների համամասնակիցը լինելու համար պատասխանատվության սկզբունքը միանգամայն անընդունելի է, որ տիրակալի արարքների համար հպատակը պատասխանատու չէ: Իսկ մոնղոլները լրիվ հակառակ կարծիքի են եղել ու այս գիտակցությունը մեխել են բոլոր հաճկատարների գլուխը, առարկայորեն ապացուցել են, որ բոլոր մարդիկ հավասար են, և որ չարագործի բոլոր արարքների համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր չեն բռնել չարագործի ձեռքը:
Խանը ցանկանում էր այնպիսի անվտանգություն ու խաղաղություն հաստատել, որ իր տիրապետության սահմաններում յուրաքանչյուր ոք կարողանա առանց որևէ վտանգի ոսկին գլխին դրած տանել այնպես, ինչպես մարդիկ տանում են կավե հասարակ կճուճները:

Գլուխ 1
Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից


Մոնղոլները քոչվոր ցեղեր էին։ Նրանք հմուտ ձիավորներ էին ու հիմնականում զբաղվում էին ձիաբուծությամբ, որսորդությամբ և առևտրով։ Յուրաքանչյուր մոնղոլ տղամարդ սարսափազդու զինվոր էր, ուներ ձի, նետ ու աղեղ։ Ավելին, յուրաքանչյուր ցեղ անվերապահորեն նվիրված էր իր ղեկավարին՝ խանին։ Այս ամենով մոնղոլները տարբերվում էին շատ ազգերից։
Խաներից մեկը՝ Թիմուչինը (1162–1227 թթ.), 20 տարի պատերազմելուց հետո միավորեց մոտ 27 մոնղոլական ցեղերի։ 1206 թ.-ին, երբ Թիմուչինն արդեն 40-նն անց էր, մոնղոլները նրան տվեցին Չինգիզ խան տիտղոսը, որը հավանաբար նշանակում է «ուժեղ տիրակալ» կամ «տիեզերքի տիրակալ»։ Նրան կոչում էին նաև Մեծ խան։
Չինգիզ խանի հրոսակները աներևակայելի արագությամբ հազարավոր կիլոմետրեր էին անցնում ու կատաղի մարտեր էին մղում, ընդ որում մի քանի ուղղություններով միաժամանակ։ Ինչպես նշվում է մի հանրագիտարանում, մեծ խանը «իր ռազմավարական ունակություններով հավասար էր Ալեքսանդր Մակեդոնացուն և Նապոլեոն I-ին» («Encarta Encyclopedia»)։ Իսկ պարսիկ պատմիչ Ջուզիանին, որը Չինգիզ խանի ժամանակակիցն է, նրան անվանում է «անսպառ եռանդ ունեցող, խորաթափանց, հանճարեղ, խելացի», բայցև «արնախում» անձնավորություն։

 Գլուխ 2
Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան


1207-11 թթ-ին Չինգիզ խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան Թուրքեստանը,իսկ 1215թ-ին մոնղոլները Չինգիզ խանի գլխավորությամբ արշավեցին դեպի մանջուրական Ցին («ոսկյա») կայսրությունը, որը գտնվում էր Հյուսիսային Չինաստանում։ Այս նպատակով նրանք կտրեցին-անցան վտանգավոր Գոբի անապատը, որն, իրականում, մեծ խնդիր չէր մոնղոլների համար։ Նրանց զինվորները սովոր էին նման պայմանների և կարող էին իրենց գոյությունը պահել ձիու կաթով և արյունով։ Չինգիզ խանի այս արշավանքը հաջողվեց, և նա հպատակեցրեց Մանջուրիան։ Սակայն դրանով պատերազմական
գործողությունները չավարտվեցին։ Դրանք դեռ 20 տարի շարունակվելու էին։ Մեծ խանը զորագրում էր չինացի գիտնականներին, արհեստավորներին, վաճառականներին, ինչպես նաև ճարտարապետներին, որոնք քաղաքները պաշարող սարքեր, քարաձիգներ և վառոդի ռումբեր էին ստեղծում։
Մոնղոլներն իրենց հսկողության տակ վերցրին «Մետաքսի ճանապարհը»՝ Եվրոպան Ասիայի հետ կապող առևտրական ուղիները։ Չինգիզ խանի նպատակն էր առևտրական հարաբերություններ հաստատել թուրքական սուլթան Մուհամեդի հետ։ Վերջինս մի հսկայական տերություն էր ղեկավարում, որն ընդգրկում էր ժամանակակից Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Իրանի տարածքները։


Գլուխ 3
Մոնղոլների արևմտյան արշավանքները

1218 թ.-ին մոնղոլական մի պատվիրակություն ժամանեց թուրքական տերության սահմանը՝ իբրև թե բանակցությունների։ Սակայն տեղի կառավարիչը մահապատժի ենթարկեց նրանց։ Սա պատճառ եղավ, որ մոնղոլները ներխուժեն թուրքական տարածքներ։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Չինգիզ խանի հրոսակները, որ մրջյունների չափ շատ էին, կողոպտում և այրում էին թուրքահպատակ քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև կոտորում սուլթան Մուհամեդի ժողովրդին՝ բացառությամբ այն անհատների, ովքեր մոնղոլներին պետքական հմտություններ ունեին։
Mongol Empire map 2.gifՀաջորդ տարիների ընթացքում 20 000-անոց մոնղոլական բանակը ասպատակեց ներկայիս Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի տարածքները՝ հասնելով մինչև Հյուսիսային Կովկաս։ Նրանք պարտության մատնեցին իրենց դեմ դուրս եկած բոլոր զորքերին, այդ թվում նաև ռուսական 80 000-անոց բանակին։ Մոնղոլները անցան 13 000 կիլոմետր՝ գրավելով Կասպից ծովի ամբողջ ափը։ Ոչ մի պետության հեծելազոր երբևէ այսպիսի հաղթանակ չի տարել։ Սակայն նրանք այսքանով չսահմանափակվեցին։ Մոնղոլները շարունակեցին ասպատակել Արևելյան Եվրոպան նույնիսկ Չինգիզ խանի մահից հետո։ 1236 թ.-ին 150 000-անոց մոնղոլական բանակը արշավեց դեպի Եվրոպա։ Սկզբում նրանք գրավեցին Վոլգա գետի մերձափնյա տարածքները, ապա սկսեցին հարձակումներ գործել ռուսական քաղաք-պետությունների վրա, և հիմնահատակ այրեցին Կիևը։ Մոնղոլները խնայում էին այն քաղաքները, որոնց բնակիչները համաձայնվում էին իրենց տալ ամեն ինչի տասներորդ մասը։ Սակայն ռուսները հիմնականում նախընտրում էին պատերազմել։
Քաղաքները պաշարելիս մոնղոլները սովորաբար քարաձիգների միջոցով քարեր, այրվող նավթ կամ բորակ էին նետում պարիսպների վրա։ Երբ պարիսպները ջարդվում էին, նրանք ներս էին լցվում և արյունալի կոտորած էին սկսում։ Ինչպես նշում է մի պատմաբան, այդ սոսկալի ջարդերից հետո ողբի ձայն սովորաբար չէր լսվում, որովհետև «ոչ ոք կենդանի չէր մնում»։
Ավերելով Լեհաստանն ու Հունգարիան՝ մոնղոլները հասան Գերմանիայի սահմանին։ Արևմտյան Եվրոպան հարվածի տակ էր։ Բայց այդ հարվածը մոնղոլներն այդպես էլ չհասցրին։ 1241 թ. դեկտեմբերին Ուգեդեյ խանը մահացավ սաստիկ հարբած վիճակում։ Ուստի մոնղոլները շտապեցին վերադառնալ Կարակորում՝ իրենց մայրաքաղաքը, որը գտնվում էր 6 000 կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք պետք է նոր խան ընտրեին։
Հաջորդ մեծ խանը Մունքեն էր, որը գահ բարձրացավ 1251 թ.-ին։ Նա իր եղբոր Խուբիլայի հետ նորից արշավանք ձեռնարկեց երկու ուղղություններով. մեկը՝ դեպի Հարավային Չինաստան, մյուսը՝ դեպի արևմուտք։ Մոնղոլները փլատակների վերածեցին Բաղդադը և հպատակեցրին Դամասկոսը՝ ի ուրախություն այնտեղի «քրիստոնյաների»։ Առիթից օգտվելով՝ Բաղդադում ապրող «քրիստոնյաները» սկսեցին սպանել ու թալանել իրենց մահմեդական հարևաններին։
Այս վճռական պահին, երբ թվում էր, թե մոնղոլները վերացնելու են մահմեդական աշխարհը, պատմությունը կրկնվեց։ Նրանք լուր ստացան Մունքեի մահվան մասին։ Եվ կրկին, քոչվորները ստիպված տուն վերադարձան։ Սահմանագլխին նրանք թողեցին ընդամենը 10 000 զինվոր։ Սակայն որոշ ժամանակ անց վերջիններս ջախջախվեցին մի եգիպտական բանակի կողմից, որը թվով անհամեմատ ավելի մեծ էր։


Գլուխ 4
Ոսկե Հորդայի ստեղծումը


Ոսկե
Հորդան հիմնել է Բաթու խանը XIII դարի կեսին, որը տարածվել
է արևմուտքում՝ ստորին Դանուբից և Ֆիննական ծոցից մինչև արևելք՝ Իրտիշի ավազանն ու ստորին Օբը, հարավում՝ Սև, Կասպից և Արալյան ծովերից ու Բալխաշ լճից մինչև հյուսիս՝ Նովգորոդյան երկիրը։ Բուն ռուսական հողերը չեն մտել Ոսկե հորդայի մեջ, բայց եղել են վասալական կախման մեջ, հարկ են մուծել և ենթարկվել խաների հրամաններին։ Ոսկե հորդայի մայրաքաղաքը սկզբում Սարայ Բաթուն էր (ներկայիս Աստրախանի մոտ), 14-րդ դարի 1-ին կեսից՝ Սարայ Բերքեն (հիմնել էր Բերքե խանը, ներկայիս Վոլգոգրադի մոտ)։
Ոսկե հորդան ոչ հաստատուն և արհեստական պետական միավորում էր՝ մասնատված ուլուսների (Ջուչիի 14 որդիների միջև), խայտաբղետ բնակչությամբ, զարգացման տարբեր մակարդակով։ Ավերածություններից զերծ մնացած քաղաքներում, ինչպես նաև նվաճողների կառուցած մայրաքաղաքներում, հաստատվում էին արհեստավորները (հիմնականում եկվորներ, այդ թվում նաև հայեր)։ Քարավանային առևտրի կենտրոններ էին խանության մայրաքաղաքները, Ղրիմի քաղաքները։
Ոսկե հորդայի գլուխ կանգնած էին Բաթու խանի տան ժառանգորդները։ Քաղաքական կարևոր հարցերի լուծման համար հրավիրվում էր ռազմաֆեոդալական ավագանու համագումար՝ Ղուրուլթայ։ Պետական գործերը ղեկավարում էին բեգլարբեկերը, ռազմականը՝ զորապետները, բասղաղները, առանձին հարցեր լուծում էին վեզիրները։
Ոսկե հորդան իր ռազմական առավել հզորության հասել է Ուզբեկ, Ջանիբեկ խաների (14-րդ դար) օրոք։ 1380 թվականին Մամայի փորձը՝ թալանչիական արշավանքներով թուլացնել Ռուսիան, անցավ անհաջող, ռուս զորքերը Դմիտրի Դոնսկոյի գլխավորությամբ ջախջախեցին մոնղոլական զորքերը։ 1382 թվականին Թողթամիշ խանը արշավեց Մոսկվայի վրա, խաբեությամբ գրավեց այն և հրդեհեց։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Թողթամիշը պայքար սկսեց Լենկթեմուրի դեմ, որը սակայն հաջողությամբ կռվեց խանի դեմ, գրավեց ու ավերեց Ոսկե հորդայի քաղաքները։ Ոսկե հորդային մեծ հարված հասցվեց, որից հետո նա այլևս չվերականգնվեց։ 15-րդ դարի սկզբին կազմավորվեց Սիբիրի խանությունը, 1440-ական թվականներին՝ Նողայական հորդան, այնուհետև Կազանի խանությունը, Ղրիմի խանությունը, իսկ 1460-ական թվականներին Ուզբեկական և Ղազախական խանությունները, ինչպես նաև Աստրախանի խանությունը։ Ոսկե հորդային հաջորդեց այսպես կոչված Մեծ հորդան, որը գոյատևեց մինչև XVI դարի սկիզբը։


Գլուխ 5
Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը

14-րդ դարի սկզբում հզոր մոնղոլական տերությունը սկսեց պառակտվել։ Դրա համար շատ պատճառներ կային։ Չինգիզ խանը բազմաթիվ հետնորդներ ուներ, որոնք անընդհատ պայքարում էին իշխանության համար, ինչի հետևանքով մոնղոլների հսկայական կայսրությունը ի վերջո մասնատվեց բազմաթիվ խանությունների։ Բացի այդ, մոնղոլները սկսեցին ձուլվել այն ժողովուրդներին, որոնց նվաճել էին։ Իշխանության համար մղվող պայքարը թուլացրեց նաև Խուբիլայի դինաստիայի ազդեցությունը Չինաստանում։ 1368 թ.-ին չինացիները, կաշառակերությունից, ծանր հարկերից, ինչպես նաև Յուանների սխալ ղեկավարումից հոգնած, տապալեցին նրանց և ստիպեցին հեռանալ։
Մոնղոլները սաստիկ փոթորկի պես եկան ու անցան՝ իրենց ճանապարհին ավերելով ամեն ինչ։ Նրանք անջնջելի հետք թողեցին Եվրոպայի ու Ասիայի պատմության մեջ։ Մյուս կողմից՝ նպաստեցին Չինաստանի միավորմանը և ստեղծեցին հզոր պետություն։ Զարմանալի չէ, որ առ այսօր մոնղոլները մեծարում են իրենց պետականության հիմնադրին՝ Չինգիզ խանին։

Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

«Մարդկանց արյան գետեր հոսեցնող» Չինգիզ խանը 1220 թ. շատ հավանական է, որ եղել է Հայաստանում: Դրա մասին է վկայում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի հայ ազգաբնակչության կողմից սերունդներին դարեր շարունակ ավանդված այս իրականությանը մոտ հավաստի պատումը: Համաձայն այս ավանդապատումի՝ Չինգիզ խանը 1219 թ.-ին հաղթանակած Միջին Ասիայից Մերվը,
Բուխարան, Սամարղանդը և Խորեզմի մայրաքաղաք Ուրգենչը ամայացնելուց հետո Ատրպատականով անցել է Հյուսիս՝ ռուսական հողերը հպատակեցնելու: Շարժվելով Արևելյան Այսրկովկասով, Շամախիով՝ մտել է Հայաստան, ապա ավերածություններ գործելով՝ Հայոց աշխարհով անցել է Միափորի դժվարամատչելի, քարքարոտ, տեղ-տեղ խիտ անտառապատ լեռներով: Ցուրտ, մառախլապատ եղանակի և տեղատարափ, ձյունախառն անձրևի պատճառով բռնակալի զորքը, ձիերը և դուստրը մագլցելով բարձրացել են Մուրղուզ լեռը: Այստեղ նրա դուստրը բարձրալեռնային սաստիկ ցրտի, սառը, այրող,ահագնացող քամու, բարձր ջերմության և երկարատև արշավանքից հոգնած լինելու պատճառով մահացել է: Վշտաբեկ զավթիչը հենց այստեղ իր ձեռքի տակ ունեցած ավարից Ճամբարակի բնիկ տեղացիների ավանդապատումների համաձայն թաղել է իր սիրելի դստերը՝ անհամար ոսկե և թանկագին քարերից պատված դագաղի մեջ: Ուշագրավ է, որ մինչեւ այսօր բազմաթիվ գանձախույզներ փնտրել և փորձել են գտնել Չինգիզ խանի դստեր գերեզմանը Միափորի լեռներում, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Առ այսօր պարզված չէ արյունարբու տիրակալի դստեր գերեզմանի վայրը Մուրղուզ գագաթի վրա: Դաժան կարգապահություն ունեցող զորքը արշավում է հայոց Գուգարք եւ Ուտիք նահանգների միջեւ գտնվող Ձորափորի գավառում գտնվող
Սպիտակ բերդ-դղյակի վրա եւ պաշարում այն: Բամբաններով պաշարելուց հետո ավիրում են ամրոցը։ Երբ մոնղոլ հրոսակներից մեկը նետահարում ու սպանում է մի այծյամի, որը փորձում էր կրծքով կերակրեր իր ձագին, երկյուղից այծյամի ձագը ցատկում և ապաստան ու փրկություն է փնտրում Թիմուչին-Չինգիզ խանի դստեր գրկում, բայց վախից անշարժանում է ու սատկում: Այդ պահին, համաձայն պատումի՝ հայտնվում է ճերմակամպով պատված մոնղոլական բնապաշտական աստվածուհին (անտառի ոգին) և անիծում է արքայադստերն ու նրա հորը իրենց անգութ վերաբերմունքի համար: Արքայադստերն ու Չինգիզ խանին անտառի ոգին պատգամում է, որ երբ նրանք մահանան նրանց գերեզմանների տեղը ոչ-ոք չի իմանա: Իսկ եթե բացահայտվի, ապա բացահայտողը կստանա մարմնավոր անմահություն: Եվ իրոք, մինչև օրս գիտնականներն ու հետազոտողները չեն կարողանում պարզել Չինգիզ խանի գերեզմանի վայրը:

Նյութի աղբյուրները՝ 1, 2, 3, 4

Комментариев нет:

Отправить комментарий