пятница, 11 мая 2018 г.

Հասարակության հոգեբանությունը հեղափոխությունից հետո

 
Դեռ 2017թ.-ի ընտրություններին ես այն կարծիքին էի, որ մեր հասարակությունը պատրաստ չէ ընդվզման: Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում մարդկանց հոգեբանության մեջ: Ի՞նչն է փոխվել կամ ի՞նչը ստիպեց մարդկանց փողոց դուրս գալ: Հասունացե՞լ է պահը կամ հասարակությունը պատրա՞ստ է փոփոխությունների: Գիտեք՝ մեր ժողովուրդը բավականին տևական ժամանակ է ինչ նման կերպ համախմված չէր եղել, գուցե հենց դա է պատճառը, որ մարդկանց այդ համախմբվածությունն էր ձգում: Իրականում փողոց դուրս եկող մարդկաց մեծամասնությունը չէր էլ հասկանում, թե ինչի համար է պայքարում, երբ անծանոթ ցուցարարին հարցնում էիր, թե ինչի համար է այստեղ, պատասխանում էր՝ մեր ապագայի համար ենք պայքարում, բայց չէ, որ ամեն մեկն ապագան յուրովի է պատկերացնում։
Ինչպե՞ս է մտածում հասարակությունը, ի՞նչ ակնկալիքներ ունի հեղափոխությունից հետո։ Խոսելով այս մասին՝ պետք է առանձնացնել հասարակության շերտերը, թեպետ, ի վերջո մեկը մյուսի հետ փոխկապակցված շղթա է իրենից ներկայացնում։
Օրինակ՝ թոշակառուները, նրանք ակնկալում են որ օրերից մի օր կստանան այնքան թոշակ, որով կարող են ապրել ապահով և բարեկեցիկ, չէ որ հիմա գրեթե յուրաքանչյուր թոշակառու օգնություն էստանում իր զավակներից և այլն, կամ չի ստանում, քանի որ պետության տրամադրած գումարը չի բավարարում նրան հոգալու իր անհրաժեշտ ծախսերը։ Դրանից բացի՝ թոշակառուները և ոչ միայն, կարելի է ասել՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բժշկական ապահովագրություն, և որպեսզի այդ համակարգը իրապես գործի ու առողջական որևէ խնդրի դեպքում ոչ ոք չկանգնի փակուղու առջև (սկսած սպասարկումից, վերջացրած այն ֆանտաստիկ կլորիկ գումարներով, որոնք պետք է վճարի միջին վիճակագրական թոշակառուն, կամ էլ՝ մինիմալ աշխատավարձ ստացողը)։ Այսօր շարքային աշխատողները, որոնք ստանում են մինիմալ աշխատավարձ կամ գուցե մի քիչ ավելի, նանք էլ իրենց հերթին են ակնկալում աշխատավարձի բարձրացում, կամ նոր աշխատատեղերի ստեղծում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու, որ ապրեն բարեկեցիկ և արժանվույն վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի դիմաց։ Հիմա կասեք, իսկ ինչո՞ւ, եթե մարդը վաստակում է այնքան, որ սնվում է, հագնվում, երբեմն էլ իրեն թույլ է տալիս որևէ միջոցառման մասնակցել, ուրեմն դա բավարար չէ՞։ Բայց մի՞թե դա ճիշտ է կամ նորմալ, եթե մարդիկ իրենց ոչ միշտ կամ հաճախ չեն կարող թույլ տալ գնալ թատրոն, կինո, թանգարան, համերգ կամ աշխատանքային ծանր շաբաթվա վերջում լիցքաթափվեն որևէ սրճարանում կամ ակումբում։ Գիտեք, եթե նրանք այս հնարավորությունն ունենան, ապա զարկ կտան մշակույթի, զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը, դե, իհարկե, այդ ճյուղերի ներկայացուցիչներն էլ գոհ ու բավարարված կզգան իրենց։ Փոքր և միջին բիզնես ունեցողներն էլ իրենց ակնկալիքներն ունեն, նրանք էլ մտածում են հարկերի իջեցման մասին, դե, իհարկե, եթե շարքային աշխատողն էլ նորմալ վարձատրվի, ապա կօգտվի այդ ձեռնարկատիրոջ ծառայությունից, արդյունքում, ոլորտում գումար կշրջանառվի, և այդ փոքր ու միջին բիզնեսները կմեծացնեն իրենց ծավալը՝ կրկին խթանելով տնտեսության զարգացմանը։ Կրթություն․․․ երկար մտածեցի, կարևոր թեմա է, չէ որ ամեն ինչի հիմքում կրթությունն է։ Դե իհարկե այն, որ հատկապես կրթական համակրգը հին է և լուրջ փոփոխությունների կարիք ունի, դա հաստատ է, բայց եկեք խոսենք այլ խնդիրներից և թե ինչ է ակնկալում հասարակության այս շերտը՝ անդրադառնալով հատկապես բուհերին։ Կոռուպցիա, սա միայն այս ոլորտում չէ, բայց հատկապես այստեղ ցավոտ կետ է։  Եվ գիտե՞ք հետաքրքիրը որն է, կաշառք տալիս և վերցնում են, աղավաղում են ամեն ինչ ու հետո վերջում ասում են՝ մեզ լավ չեն կրթում, հետաքրքիր չէ, բավարար չէ, դասախոսներն էլ իրենց հերթին՝ վատ է, վատ է, բայց չէ որ նրանք զբաղվում են ինքնախաբեությամբ, իրենց ձեռքերով ստեղծում են մի օղակ և հետո սկսում իրենց իսկ ստեղծածը քննադատել։ Հաջորդ հարցը դասախոսների աշխատավարձն է, այն որ նա չի վարձատրվում բավարար, ըստ այդմ, նրա ինքնագնահատականը իր համար իջնում է և հազիվ է իրեն տրամադրում, որ լսարանում խոսի, բայց դա էլ իր մասնագիտությունն է, չէ՞։ Ուսանողների վարձը, կրթաթոշակներ և այլն, անվերջ կարելի է խոսել։ Հասարակությունը բազմազան է, մտածելակերպը նույնպես։ Սակայն այս ամենի հիմքում մի բան է՝ ապրել բարեկեցիկ և  օրինական երկրում, որտեղ օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը:
 Ինչ խոսք, երեքշաբաթյա պայքարից հետո մենք հասանք մեր ուզածին, և այո՛, Հայաստանում եղավ իսկական թավշյա  հեղախոխություն, որն արդեն իսկ նշվեց մեր պատմության նորագույն շրջանի էջում: Այո՛, հեղափոխությունն իրականություն դարձավ, հին իշխանականները հեռանում են և ճանապարհ են ընկնում նորերը... Մի քանի ամիս առաջ այս ամենը ֆանտաստիկայի ժանրից էր թվում, իսկ այսօր մենք ունենք նոր վարչապետ, բոլորովին նոր իշխանություն, որի առաջ խնդիրների մի ահռելի կույտ է, ես նույնիսկ կհամեմատեի Ավգյան ախոռների հետ... Ինչքան էլ տհաճ է, բայց կարծում եմ՝ տեղին համեմատություն է:
  Մի բան հաստատ է, այսօր ամենադժվարը հենց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար է, քանի որ պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում նա ունի չարացած ընդդիմադիր պառլամենտական մեծամասնություն՝ ի դեմս  ՀՀԿ-ի, կարծում եմ՝ նաև ոչ պակաս ընդդիմադիր զանգված պետական կառավարման համակրգում, ժառանգություն է ստացել յոթ միլիարդից ավելի պարտք ունեցող կարկատած բյուջե, չի հանդիսանում նախորդ կառավարության ուղղակի ժառանգորդ-շարունակող, ինչպես դա եղել է մինչ այս կտրուկ փոփոխությունները, և, որ ըստ իս ամենակարևորն է, Փաշինյանն ունի պահանջատեր, իր իրավունքը և ձայնը հարգող և բարձրաձայնող էլեկտորատ: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ երկրին դեռ շատ ժամանակ է պետք խնամքով հին կծիկը քանդելու և նորն ու ավելի լավը ստեղծելու համար: Ժողովրդի կողմից առաջադրված իշխանությունը երբեք չպետք է հեռանա այն հարթակից, որի վրա օրեր առաջ նա էր, հակառակ դեպքում կստացվի այն ինչ ունեինք մինչ հեղափոխությունը: Ժողովուրդ և իշխանություն կապը երբեք չպետք է ընդհատվի:
  Եթե նախկին իշախանություններից մենք առանձնապես սպասելիքներ չենք ունեցել, ապա Նիկոլից մենք բոլորս՝ Հայաստանում բնակվող և Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցները, իսկապես սպասում և պանաջում ենք փոփոխություններ, որոնց պակասը իսկապես զգացվում է վերջին քսան տարիներին: Մի բան մենք բոլորս պետք է հասկանանք, արդյո՞ք մենք ինքներս պատրաստ ենք փոփոխվել, թե՞ ոչ:
  Իշխանությունը հաշվետու է ժողովրդին և պիտի գործի այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում, սակայն եթե պայքարել ենք ու փոփոխություն ենք ուզում, ուրեմն՝ մենք, մեզնից յուրաքանչյուրը պիտի փոխվի, հին մտածողությունն ու գիտակցությունն էլ հետը: Մենք ականատես կլինենք դրական փոփոխությունների և կտեսնենք ավելի զարգացած և բարգավաճող հայրենիք միայն, երբ մենք ինքներս փոխվենք՝ փոխենք մեր մտածելակերպը, աշխատաոճը, աշխարհայացքը, աշխատենք մեր գիտելիքների և ունակությունների զարգացման ուղղությամբ և ինքներս մեր շուրջը բարեփոխելով օգնենք Նիկոլին կերտել մեր երազանքների երկիրը:
  Հ.Գ. Վերջին օրերին ռուս գործիչների և ռուսական լրատվամիջոցների արձագանքը պետք է որ դրական ազդեցություն ունենա մեր մտածելակերպի, աշխարհայացքի ձևավորմանը. մեր միջից հանենք այն կարծրատիպը, որ առանց Ռուսաստանի չենք կարող...

1 комментарий:

  1. Slot machines by Skillz, Netent, Pragmatic Play, Playtech - Wooricasinos
    Slot slot 뜻 machines by Skillz, Netent, Pragmatic slot 뜻 Play, 벳페어 Playtech 잭팟 시티 The slot machines are made bet365우회 up of simple reel shapes. These shapes represent the

    ОтветитьУдалить