Ֆաշիզմը 1919 թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945 թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինիի ղեկավարությամբ: Լինելով հակառակորդ ժողովրդավարությանը, պառլամենտարիզմին, սոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական։ Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ Շատ հաճախ «ֆաշիստ» բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար։ Չնայած դրան՝ որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են ֆաշիստական գաղափարները։
Բառը ծագում է իտալերեն fascio ճառագայթ բառից, որը հռոմեական իշխանության խորհրդանիշներից էր և որը 1919թ.-ից սկսեց օգտագործվել Մուսոլինիի զինյալների կողմից։ Շարժումը որկվում է որպես տոտալիտար և կարելի է ամփոփել Մուսոլինիի հետևյալ նախադասության մեջ.Ամեն ինչ պետության միջոցով, ոչինչ առանց պետության, ոչինչ ընդդեմ պետության:
Իր լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։ Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։ Իր «Ֆաշիզմի քաղաքական և սոցիալական ուսմունք»-ի մեջ Մուսոլինին 1933-ին հաստատում է.
Փաստ է, որ 19-րդ դարը եղել է սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար, ինչը չի նշանակում, որ 20-րդ դարը նույնպես պիտի լինի սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար։ Քաղաքական ուսմունքներն անցնում են, ազգերը` մնում։ Մենք ազատ ենք հավատալու, որ սա իշխանության, հեղինակության դար է` ֆաշիզմի դարը։ Եթե 19-րդ դարը ինդիվիդուալիզմի դար էր, մենք ազատ ենք հավատալու, որ սա կոլեկտիվի դար է և նաև Պետության դարն է:
Անգլիացի պատմաբան Սեթոն-Վաթսոնի «Իտալիան՝ լիբերալիզմից դեպի ֆաշիզմ, 1870-1925» (Italy from Liberalism to Fascism 1870-1925) ուսումնասիրությունը, չնայած ուղղակիորեն առաջ չի քաշում որևէ տեսություն, սակայն անուղղակիորեն ներկայացնում է նման տեսության սահմանման համար կարևոր մի շարք նախադրյալներ։ Չնայած հետազոտությունը դիմում է պատմագիտական հին գործիքների օգնությանը, արդյունքում կենտրոնանալով քաղաքական իրադարձությունների վրա և միայն որոշ առիթներով անդրադառնալով սոցիալ-տնտեսական հարցերին, այդուհանդերձ, այն հանգում է ֆաշիզմի պատճառների և գործառույթների մասին բավականին հստակ պնդումների։
Սեթոն-Վաթսոնն իր աշխատության վերջին գլխում ուրվագծում է իտալական ֆաշիզմի հետագա զարգացումը և դրանով անդրադառնում է նաև ֆաշիստական համակարգին հատուկ տիրապետության կառուցվածքին, ինչը կարևոր նշանակություն ունի ֆաշիզմի տեսական ընկալման համար։ Արդեն իսկ նախորդ մեջբերումներից բխում է, որ Սեթոն-Վաթսոնի կարծիքով չի կարող խոսք լինել այն մասին, որ ֆաշիստական պետական իշխանությունը նույն չափով է ենթարկեցնում իրեն բոլոր դասակարգերին։ Կորպորատիվ համակարգը կառուցված էր այնպես, որ այն պետք է հիմնված լիներ «արտադրական գործոնների սոլիդարության՝ կապիտալի ու աշխատանքի հավասարության» վրա։ Սակայն փաստերն այլ էին․ «Գործարարների միությունները պահպանում էին որոշակի ինքնուրույնություն, իսկ աշխատողների շահերը պաշտպանող միավորումները պետության բյուրոկրատական գործակալներ էին» (էջ 699), ինչից Սեթոն-Վաթսոնը որպես սոցիալական արդյունք եզրակացնում է․ «Դասակարգային բաժանումն ընդարձակվում էր» (էջ 706)։
Սույն ախտորոշումը, որն, ըստ էության, տարածվում է նաև ֆաշիստական Գերմանիայի վրա, առավել խորն է բնորոշում ֆաշիզմի սոցիալական բնույթը, քան այն մեկնաբանությունները, որոնք, միգուցե ակամից ֆաշիստական համակարգը դիտարկում են որպես բոլոր դասակարգերի դեմ ուղղված քաղաքական բռնապետություն, որը կայացել է «ժողովրդական համայնքի» կողմից։ Սեթոն-Վաթսոնը ֆաշիստական համակարգը նկարագրում է որպես փոխզիջումային համակարգ կամ որպես մի յուրօրինակ կրկնակի տիրապետություն՝ միկողմից ֆաշիստական ղեկավարության, և մյուսկողմից՝ ավանդաբար տիրապետող դասակարգի։ Օգտագործելով «իշխանության բաժանման» (էջ700), «հաստատությունների զուգահեռ երկակի հիերարխիաների» (էջ 702), «դիարխիայի» կամ «երկտիրապետության» (էջ 702) հասկացությունները՝ նա փորձում է վերծանել համակարգի էությունը, իհարկե, առանց որոշակիացնելու իշխանության տարբեր գործոնների փոխադարձ կապը։ Սակայն, կարծես, նա վստահությամբ արձանագրում է, որ «չնայած ֆաշիզմը գոյություն ունեցավ 20 տարի, բայց այդպես էլ առաջ չբերեց նոր տիրապետող դասակարգ ․․․ Իրական իշխանության կրողները համաձայնության եկան Մուսոլինիի հետ նույն կերպ, ինչպես նրանք պայմանավորվել էին Կավուրի ու 1860 թ․-ից հետո վերջինիս հաջորդածների հետ» (էջ 702)։
Այս պնդումն իր մեջ միաժամանակ հորդոր է պարունակում՝ ճանաչել քաղաքական թատերաբեմում տեղի ունեցող իրադարձությունների ետևում գործող «իրական իշխանության կրողներին» և այդ իրադարձությունների պատճառ հանդիսացող հասարակական շահերն ու տիրապետության խմբերը։ Ինքը՝ Սեթոն-Վաթսոնն, այդ հորդորին միայն մասամբ է հետամուտ լինում։ Սակայն, քանի որ նա առանձնահատուկ խորաթափանցությամբ է հետևում քաղաքական իրադարձություններին, և նրա համար տաբու չեն այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են դասակարգը, դասակարգային շահը, կապիտալը և այլն, նրան հաջողվում է զգալի չափով տեսանելի դարձնել այդ իրադարձություններն ու հասարակական շարժիչ ուժերը։ Նա, փաստորեն, որպես ելման կետ ընտրում է այն, ինչը տեղի է ունենում քաղաքական թատերաբեմում, և դրանից հետևություններ անում գործող հասարակական ուժերի համար՝ հենվելով, իհարկե, առանձին դեպքերի և ոչ հետևողական մեթոդի վրա։ Օրինակ՝ նրա բնութագրության մեջ անընդհատ խառնվում են անդրադարձից զուրկ անհատական և կոլեկտիվ հոգեբանական տարրեր, ինչպես, օրինակ, «Մուսոլինիի փափկությունը» (էջ 703), ինչը իտալական ֆաշիզմին թույլ չի տվել դառնալ այնքան բիրտ, ինչպիսին դարձավ գերմանականը։ Կամ էլ նշվում է «իտալական բնավորության» մասին (էջ 702), որի «անարխիկ անհատապաշտության» ազդեցության արդյունքում իտալական ֆաշիզմն իր «անարդյունավետության շնորհիվ մեղմացել էր» (էջ 702)։ Տերմինաբանության մեջ նույնպես անհետևողականություններ են նկատվում։ Կասկած է հարուցում՝ արդյո՞ք առանց որևէ վերապահման կարելի է «դեմոկրատական» համարել քաղաքացիական սահմանադրական պետության այն նույն համակարգը, որից սկիզբ էր առել և քաղաքական իշխանության հասել ֆաշիզմը (էջ 706, 709, 711), հատկապես, երբ Սեթոն-Վաթսոնն ինքն է հստակ մատնանշում, որ դա է պարարտ հող հանդիսացել ֆաշիզմի համար։
Արդյունքների տեսանկյունից ավելի հետևողական կարող էր լինել այնպիսի մեթոդ, որը, հակառակ Սեթոն-Վաթսոնի, չի բխում քաղաքական երևույթներից, այլ ելնում է հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքից, որից էլ կարող են առաջանալ հասարակական ուժերն ու շահերը։ Այդպիսով, քաղաքական և գաղափարական խմբավորումները հանդես չեն գալիս որպես համակարգի պատահական մասեր և արտահայտչաձևեր, չնայած կարևոր են նաև քաղաքական և տնտեսական առանձին ոլորտներն ու «սուբյեկտիվ գործոնի» հարաբերական կշիռը։
Комментариев нет:
Отправить комментарий