Страницы

среда, 3 июля 2019 г.

Ինքնավստահությունն ու աջակցությունը գործի կեսն են


«Ո՞ւմ մոտ ես պարապում, ինչքա՞ն ես հավաքում թեստ գրելուց, քանի՞ ժամ եք պարապում, դասախոսդ ի՞նչ է ասում, անվճարի շանսեր ունե՞ս»։
Այս հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել, անընդհատ հնչող ու արդեն հոգնեցնող հարցեր, որոնք հանգիստ չէին տալիս ինձ ու հասակակիցներիս վերջին ամիսների ընթացքում։ Գրեթե բոլորը շտեմարանները «գրկած» վազում էին պարապմունքի ու աշխատում հնարավորինս անգիր անել դրանցում զետեղված ամեն կետն ու ստորակետը՝ անկախ ամեն ինչից, թե դա իրենց իրականում պետք է, թե՝ ոչ ու շունչները պահած՝ սպասում քննություններին։ Եկան, գնացին, անցան, վերջացան այդ «հույժ կարևոր», միևնույն ժամանակ ոչ այդքան կարևոր իրադարձությունները։ Հետո սկսվեց հարցերի ու քննարկման մյուս փուլը«Ամբողջն անծանոթ էր, իմը նույնն էր, հը՞, ո՞նց ես գրել, ինչքա՞ն հավաքեցիր, ես ավելին էի սպասում, իսկ ես գոհ եմ»։
Գիտեք, ես էլ հանձնեցի, ես էլ անցա այն ամենի միջով, ինչպես ընկերներս, հասակակիցներս ու ընթացքում, ամեն օր, անընդհատ վերլուծում էի ինքս ինձ համար, թե ինչ է այս ամենը, և ինչի համար է ընթանում մղվող «կռիվը»․ «Ես քսանի եմ, ինքն արժանի է, ես ավելին եմ աշխատել, բողոքարկելու եմ․․․»։
Անկախ ամեն ինչից, թե որն է գիտելիքի ստուգման իրական մեթոդը, ինչ են իրենցից ներկայացնում շտեմարանները, թե ինչքան ոչ պետքական ու անիմաստ հարցեր կան այնտեղ, ինչ կարգով է կազմակերպվում պետական բուհերի ընդունելությունը, և արդյոք հարկավո՞ր են այս քննությունները, և ո՞րն է դրանց արժեքը, այս հարցերի շուրջ էլ կարելի է երկար զրուցել, բայց այս անգամ ուզում եմ պատմել իմ պատմությունը։

Երբ ես արդեն գիտեի, թե ինչ պիտի հանձնեմ, ընդունելության համար, բնականաբար, ես էլ պիտի դիմեի կրկնուսույցի օգնությանը, բայց ես ընտրեցի իմ տարբերակը։ Քննական առարկաներից հանձնել եմ նաև կենսաբանություն՝ առանց կրկնուսույցի օգնության, այո՛, անկեղծ եմ ասում և հավաքել եմ մաքսիմալ միավոր, այնքան՝ որքան կրկնուսույցի դիմած ծանոթներս։ Գրեթե քչերը գիտեին, բայց երբ քննությունից հետո իմացան, շատերը, միևնույն է, շարունակում էին չհավատալ՝ մտածելով, թե կատակ եմ անում։ Իմ վստահությունն ու նպատակասլացությունն ինձ միշտ են օգնում, բայց ես այս արդյունքին չէի հասնի, եթե ինձ այդքան անշահախնդիր կերպով չաջակցեր իմ ուսուցիչ, ավագ ընկեր՝ Անուշ Ասատրյանը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորել եմ երկու տարի և անհատական դասացուցակիս մեջ ընդգրկել էի կենսաբանություն՝ շաբաթական չորս դասաժամով։ Կարծում եմ՝ ինքներդ կփաստեք, որ դիմորդի համար բավականին քիչ ժամանակ է, բայց մենք արեցինք առավելագույնը։ Բացի նրանից, որ մենք պատրաստվում էինք քննությանը, մենք անգիր չէինք անում շտեմարանում գրված ամեն բառը, մենք յուրացրինք առարկայի ամենանեղ ու կարևոր անկյունները ու արեցինք սիրով, փոխադարձ վստահությամբ և միմյանց հանդեպ տածած հարգանքով ու մեծ համբերատարությամբ քայլ առ քայլ հասանք արդյունքի։ Աշխատելը հեշտ չէ, բայց ամեն ամիս աճ գրանցելն ու վերջում այսքան պատրաստված քննության ներկայանալն ու այն հանձնելը գերագույն հաճույք պատճառեց ինձ և, կարծում եմ, նաև ուսուցչուհուս, որը ջանք ու եռանդ չխնայեց։ Ես հասկացա, որ ամեն բան հնարավոր է, եթե ունես կամք և քեզ աջակցող մարդկանց և խորհուրդ կտամ կրթահամալիրի սաներին, որ իրենք էլ ընտրության խմբի միջոցով սովորեն, աշխատեն ու ապացուցեն իրենք իրենց, որ կարող են ու կոտրեն կարծրատիպերը, թե պիտի репетитор-ի մոտ գնաս, այլ կերպ հնարավոր չէ։
Այս ամբողջ ընթացքում ինձ համար մի քանի կարևոր բան առանձնացրի։ Այսօրվա կազմակերպվող միասնական քննություններն ընդհանրապես չեն ստուգում սովորողի իրական գիտելիքը։
Իմ սիրելի՛ շրջանավարտ-դիմորդ ընկերներ, այս քննություններից, հավատացեք, ոչինչ կախված չէ, սա երբեք չի կարող գնահատել ձեր հնարավորությունների սանդղակը և ազդել ձեր ապագա գործունեության ընթացքի վրա։ Նպատակասլաց, աշխատասեր և իր արժանիքները գնահատող մարդը միշտ էլ տեղ կգտնի այն ոլորտում, որտեղ իրեն լավ է զգում, պրպտողն ու ռեալ գնահատողը հասնում է երազանքների գագաթնակետի։
Բոլորիս բարի ընթացք, զբաղվեք այն ամենով, ինչն իրոք ձեզ գերագույն հաճույք է պատճառում։ )

Հ․ Գ․ Շատերն, իմանալով քննական առարկաներիս մասին, հարցնում էին՝ բուժֆա՞կ, թե՞ ստոմ։ Չնայած նրան, որ ստացածս միավորներով կարող էի նաև Բժշկական համալսարան ընդունվել, ես չեմ դիմել այնտեղ, քանի որ բժշկությունն իմը չէ։ ))

Комментариев нет:

Отправить комментарий