Страницы

суббота, 29 декабря 2018 г.

Փոքրիկ պատմություն Սուրբ Ծննդյան ծառի մասին՝ ամանորյա տրամադրությամբ


Մի վայրկյան փակում եմ աչքերս, հիշում տարվա ամենագլխավոր իրադարձությունները, հաջողություններն ու ինչու ոչ նաև ձախողումները, հետո ուրախանում, երբ զգում եմ, որ  լիարժեք եմ անցկացրել ամեն օրը, օգտագործել եմ ինձ տրված բոլոր հնարավորությունները ու լիքը-լիքը ձեռքբերումներ եմ ունեցել։ Ուրախանում եմ, որովհետև․․․ ես ուղղակի ուրախ եմ, խաղաղ, երջանիկ, դրական լիցքերով, նոր նպատակներով ու երազանքներով։ Իրականում շատ բան չի էլ փոխվում, ուղղակի օրացույցի տարեթիվը կրկին մեկ նիշով մեծանում է։ Բայց միևնույն է, ամանորյա տոների շունչը, գույները, տրամադրությունը փոխում են տարվա այդ շրջանի ռիթմը, և դեկտեմբերի վերջին շաբաթն ինձ համար ամենահեքիաթային շաբաթն է դառնում։ Յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու մտքերն ունի տարվա այս շրջանի վերաբերյալ։ Ամեն մեկը նույնիսկ իր սեփական ամանորյա սովորույթներն ունի, ես՝ նույնպես։ Ամանորից առաջ պարտադիր ավարտում եմ բոլոր կիսատ մնացած գործերս ու վայելում հանգստյանս օրերը ամենահարազատ մարդկանց հետ։ Ամենասիրած պահը նվերներ ընտրելն ու փաթեթավորելն է, խելագարվում եմ՝ ամենասիրածս մարդկանց իմ յուրահատուկ նվերներով ուրախացնելով։ Ամանորյա ամենահավես մթնոլորտն էլ տանը տոնածառ զարդարելուց է ծնվում։ Ամեն տարի ինչ-որ նոր խաղալիքներ եմ գնում կամ նվեր ստանում, և ամեն խաղալիքը կախելուց ջերմ հիշողություններ եմ ունենում, ամեն խաղալիք ու զարդարանք իր խորհուրդն ունի։ Իսկ ի՞նչ խորհուրդ ունի հենց ինքը՝ տոնի ամենագրավիչ եղևնին։ Գուցե լսել եք նրա ավանդույթի մասին, կամ որոշ բաներ գիտեք, ինչ-որ տեղ որևէ բան եք կարդացել դրա մասին։
Ահա և ողջ պատմությունը

Սուրբ Ծննդյան տոնի համաշխարհային ավանդույթում հաճախ են գործածվում ծառեր, ճյուղեր կամ տերևներ` որպես կյանքի հնագույն խորհրդանիշներ: Օրինակ` արմավենու կանաչ ճյուղերը Հին Եգիպտոսում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի խորհրդանիշն են, ինչպես կանաչ տերևները` հին հռոմեացիների մոտ Սատուրն աստծուն նվիրված ձմեռային տոնի, ոսկե խնձորներով զարդարված կաղնու ճյուղերը` դրուիդների մոտ ձմեռային արևադարձի տոնի: Սկանդինավյան մշակույթում կա հետաքրքիր ավանդույթ` «տոնածառ թռչունների համար»: Սուրբ Ծննդյան տոնին կամ նախօրեին թռչունների համար դուրս են տանում սերմեր կամ հացի փշրանքներ: Դա նախանշան է, որ նոր տարին հաջող կլինի: Բնականաբար, մշտադալար ծառն իր կենսահաստատուն տեսքով առավել է համապատասխանում մահվան հանդեպ կյանքի հաղթանակի գաղափարին։
 
Եվրոպայում Սուրբ Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակների վրա: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր զարդը:

Սուրբ Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Սուրբ Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ: 17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Սուրբ Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը: Սուրբ Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները:

16-
րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից պատրաստված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով:  Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է: Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը որոշեց դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառները հայտնվեցին Ֆինլանդիայում` 1906 թվականին:

Քանի որ առաջին տոնածառները զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար, որոնք փոխարինեցին մրգերին և այլ ծանր զարդարանքներին:

ՀԳ Եթե դուք Ամանորին նստում եք տոնածառի կողքին և թեյում ձեզ շատ հարազատ մարդկանց հետ, կամ դրական էներգետիկա եք ստանում նրանցից ինչ-որ մեկին ուղղակի պինդ գրկելով, ուրեմն դուք երջանիկ եք։ Փակեք աչքերն ու երազանք պահեք, որ այդ երջանկությունը միշտ ձեր ներսում լինի։
Ջերմ մաղթանքներով՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


Комментариев нет:

Отправить комментарий