Մի վայրկյան փակում եմ աչքերս, հիշում տարվա ամենագլխավոր իրադարձությունները, հաջողություններն ու ինչու ոչ նաև ձախողումները, հետո ուրախանում, երբ զգում եմ, որ լիարժեք եմ անցկացրել ամեն օրը, օգտագործել եմ ինձ տրված բոլոր հնարավորությունները ու լիքը-լիքը ձեռքբերումներ եմ ունեցել։ Ուրախանում եմ, որովհետև․․․ ես ուղղակի ուրախ եմ, խաղաղ, երջանիկ, դրական լիցքերով, նոր նպատակներով ու երազանքներով։ Իրականում շատ բան չի էլ փոխվում, ուղղակի օրացույցի տարեթիվը կրկին մեկ նիշով մեծանում է։ Բայց միևնույն է, ամանորյա տոների շունչը, գույները, տրամադրությունը փոխում են տարվա այդ շրջանի ռիթմը, և դեկտեմբերի վերջին շաբաթն ինձ համար ամենահեքիաթային շաբաթն է դառնում։ Յուրաքանչյուրն իր պատկերացումներն ու մտքերն ունի տարվա այս շրջանի վերաբերյալ։ Ամեն մեկը նույնիսկ իր սեփական ամանորյա սովորույթներն ունի, ես՝ նույնպես։ Ամանորից առաջ պարտադիր ավարտում եմ բոլոր կիսատ մնացած գործերս ու վայելում հանգստյանս օրերը ամենահարազատ մարդկանց հետ։ Ամենասիրած պահը նվերներ ընտրելն ու փաթեթավորելն է, խելագարվում եմ՝ ամենասիրածս մարդկանց իմ յուրահատուկ նվերներով ուրախացնելով։ Ամանորյա ամենահավես մթնոլորտն էլ տանը տոնածառ զարդարելուց է ծնվում։ Ամեն տարի ինչ-որ նոր խաղալիքներ եմ գնում կամ նվեր ստանում, և ամեն խաղալիքը կախելուց ջերմ հիշողություններ եմ ունենում, ամեն խաղալիք ու զարդարանք իր խորհուրդն ունի։ Իսկ ի՞նչ խորհուրդ ունի հենց ինքը՝ տոնի ամենագրավիչ եղևնին։ Գուցե լսել եք նրա ավանդույթի մասին, կամ որոշ բաներ գիտեք, ինչ-որ տեղ որևէ բան եք կարդացել դրա մասին։
Ահա և ողջ պատմությունը․